Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը


15:15 , 29 նոյեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը: Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ ու ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչելու հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Այս միաձայն դիրքորոշումը բացառում է թուրքական միջամտությունն Ավստրալիայի արտաքին քաղաքականությանն ու հորդորում է մեր վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը՝  կանգնելու ընտրված ներկայացուցիչների կողքին ու ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն»,- կատարվածի առնչությամբ ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: