Սոչիի հանդիպումն ամրագրեց հետպատերազմյան պայմանավորվածությունը, սակայն կարևոր որոշումները դեռ առջևում են․ Տարասով


19:09 , 27 նոյեմբեր, 2021

168.am-ը գրում է․

Նախօրեին Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններն ավարտվեցին եռակողմ հայտարարության ընդունմամբ։ Հայտարարությունում ասվում է, որ երեք երկրների ղեկավարները՝

Հայաստանյան վերլուծական շրջանակները հիասթափությամբ արձանագրում են, որ հայտարարությունը ռուս-թուրք-ադրբեջանական տարածաշրջանային և գեոպոլիտիկ շահի արտացոլում է, որում բացակայում է ՀՀ շահը։

Փորձագետներն արձանագրում են, որ այդ հայտարարությամբ Ադրբեջանը որևէ պարտավորություն չի ստանձնում, խոսքը մասնավորապես և գլխավորապես այն մասին է, որ՝

Զուգահեռաբար հարկ է ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում որևէ խոսք չկա կոնկրետ ճանապարհների ու միջանցքների մասին, սակայն վերջնական որակումներ ևս չեն տրվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու ապաշրջափակվելիք կապուղիները։ Սակայն ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ որևէ միջանցք չի քննարկվում։ Բանակցային այս փուլում, թերևս, հարկ է արձանագրել, որ միջանցք ձևակերպում որևէ պաշտոնական անդրադարձում չկա, բացի ադրբեջանական կողմի հայտարարություններից։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը գնահատեց Սոչիի բանակցությունների բովանդակությունը, դրա քաղաքական նշանակությունն ու ապագա հեռանկարները։

Նա նշեց, որ բուն հայտարարությունը դեկլարատիվ բնույթի է, առանց կոնկրետացումների, մանրամասների, քանի որ երևում է՝ որքան էլ երկու հանձնաժողով է աշխատելու, մեկը՝ դեմարկացիա-դելիմիտացիա, մյուսը՝ ապաշրջափակման գծով, բարդությունները մնում են, քանի որ Ադրբեջանը շարունակում է ուժի լեզվով հարաբերվել Հայաստանի հետ, որն անընդհատ պահպանում է լարվածություն կողմերի միջև։ Այնինչ, ըստ նրա, եթե դա չլիներ, կողմերը վաղուց կկարողանային շատ հարցեր համակարգել առանց Մոսկվայի միջամտության։

«Սակայն ընդհանուր առմամբ այդ դեկլարատիվ բնույթի հայտարարությունը միտված է հերթական անգամ ընդգծել Մոսկվայի բացառիկ դերակատարությունը գործընթացում, քանի որ կան միտումներ, որ այն կընդլայնվի։ Ինչպես գիտենք, սպասվում է մեկ այլ հանդիպում դեկտեմբերին եվրոպական կողմի միջամտությամբ, և ՌԴ նախագահը հատկանշականորեն ընդգծեց այդ հանդիպման մասին, իր համերաշխությունը հայտնելով եվրոպական կողմին և նշելով, որ դեմ չէ, ավելին՝ ողջունում է, որ գործընթացում ներգրավվում է եվրոպական կողմը։ Այսինքն՝ այս փուլում և առաջիկայում Ռուսաստանին հարկավոր է ավելի լայն գործընթաց, ՌԴ-ն մտավախություն չունի, որ կկորցնի իր բացառիկ դերակատարությունը։

Երևանը պայքարում է ԵԱՀԿ ՄԽ վերականգնման համար, այդ բանաձևում դիտարկելով Խաղաղության համաձայնագրի բանակցումը, իսկ Բաքուն համարում է, որ այդ շրջանակը կարող է քննարկել միմիայն հումանիտար հարցերը, Բաքուն համարում է, որ բոլոր հարցերը, կարևոր որոշումները քննարկվելու են եռակողմ ձևաչափում։ Դիվանագիտական մանյովրներն այս պրոցեսների շուրջ շարունակվում են, և բոլորն այստեղ իրենց խաղն ունեն։

Այս ընթացքում հավելյալ թեմաներ կուտակվեցին արդեն իսկ գոյություն ունեցողներին, որոնցից մեկը սահմանի հարցն է, որը կարող էր հետաձգվել, սակայն այն օրակարգ բերվեց այս փուլում»,- ասաց Տարասովը՝ հավելելով, որ Մոսկվայի համար այս ամենին զուգահեռ՝ պահպանվում է խաղաղապահների մանդատի հարցը։

Հարցին՝ ի՞նչ ստացավ Հայաստանն այս հայտարարությունից, Տարասովը պատասխանեց, որ սա հնարավորություն էր երկար դադարից հետո անդրադառնալ նախորդ երկու հայտարարություններին, չխախտել ձեռք բերված պայմանավորվածությունները, չսադրել լարվածություն սահմանին, որից զոհեր են լինում։

«Շատ կոնկրետ քննարկվել է այն, ինչ ստորագրվել էր, և այն, ինչ քննարկել են կողմերը հունվարի 11-ից նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ սա ամփոփում էր։ Քաղաքական լուրջ որոշումները, համաձայնությունները դեռ առջևում են, երկու կողմից էլ պահանջվելու են ընդառաջ քայլեր՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար, և դա տարաձայնություններով ուղեկցվող գործընթաց է»,- ասաց նա։

Նրա կարծիքով, ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանք տարվելու է մշտական ռեժիմով, սակայն այդ հարցերով կարող է զբաղվել նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ եվրոպական կողմը։

Ղարաբաղը, նրա խոսքով, գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում, ՌԴ-ն ասել է, որ այս փուլում դրա կարգավիճակը կամ այլ հարցը քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում, բայց որոշ ժամանակ անց գուցե դա ևս դառնա օրակարգի մաս կա՛մ ՌԴ հովանու, կա՛մ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։

«ՌԴ-ն, բացի սա, ունի շատ այլ խնդիրներ ու ժամանակ առ ժամանակ աշխատում է՝ որպես հրշեջ բրիգադ, երբ ռեգիոնում կրակ է բռնկվում։ Երկու բանակցային օրակարգ համակարգելը հեշտ չի լինելու Մոսկվայի համար, հատկապես, երբ դեռ վերջնական հասկանալի չէ, թե քաղաքական ինչ կապիտալ է ունենալու այս ամենի արդյունքում Մոսկվան»,- ասաց նա։