Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ճաքեր են ի հայտ եկել. դիվանագիտական «հալոցք» և ռազմավարական դադար Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում. Տարասով


17:55 , 23 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել է, որ երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսին Դուշանբեում նոյեմբերի 28-ին կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կարող է առաջին հանդիպումն անցկացնել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Ղաթիբզադեն այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ նախօրեին Թեհրան կատարած այցի ֆոնին: Այս մասին գրում է կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ նախօրեին այցով Թեհրան ժամանած թուրք արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր Էրդողանի՝ դեկտեմբերին Իրան կատարելիք հնարավոր այցի մասին:

Անդրադառնալով Ռայիսի-Ալիև հարաբերություններին՝ Տարասովն ընդգծում է որոշ արձանագրային նրբություններ՝ կապված քաղաքական ենթատեքստի հետ: Ղաթիբզադեն նշել է, որ «երկու երկրի ղեկավարների համար բնական են երկկողմ հանդիպումները գագաթնաժողովների շրջանակներում»: Դա այդպես է, նկատում է քաղաքագետը, չէ որ գագաթնաժողովի մասնակիցները շփվելու են միմյանց հետ, և հնարավոր է նաև ոչ պաշտոնական երկխոսություն: Սակայն «հանդիպում գագաթնաժողովի շրջանակում» եզրույթը կարևոր առանձնահատկություն ունի. դա գլխավոր իրադարձություն չէ, որի համար հավաքվել են գագաթնաժողովում, թեև չի կարելի բացառել որոշակի պայմանավորվածությունների ձեռք բերումը: 

Ըստ Տարասովի՝ խնդիրն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ճաքեր են ի հայտ եկել, որոնք կողմերը տարբեր պատճառներով փորձում են փակել: «Թեհրանն այժմ ստիպված է վերաիմաստավորել իր քաղաքականությունը տարածաշրջանում: Նախկինում այնտեղ ռուսական հեգեմոնիա էր, այժմ իր աշխարհաքաղաքական հավակնություններն սկսել է արտահայտել Անկարան, որը Բաքվի հետ դաշինքով գերուժի գործոն է ստեղծում իրանական հյուսիսում: Օբյեկտիվ իրականությունն այնպիսին է, որ այդ ուժը կարող է զգալի ազդեցություն ունենալ Իրանի ադրբեջանակաբնակ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններ վրա»,- ընդգծում է մասնագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ