«Ռեժիմը ճաք է տվել և այն էլ` շատ խորը»


01:16 , 23 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

«15-րդ օր շարունակ Կոմիտաս 5 հասցեում միայն կանայք են պայքարում, տղամարդ համարյա չի միանում, միայն օրվա վերջում որոշները գալիս են «ի՞նչ արեցիք» շատ հետաքրքիր հարցով: Տղամարդիկ ներկայացված են  մի միայն ոստիկաններով, կարմիր բերետավորներով», - այսօր Մեդիա կենտրոնում Կոմիտաս 5 հասցեում մղվող պայքարի շուրջ քննարկման ժամանակ հայտնեց Նախախորհրդարանի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Ավելի ուշ, սակայն պարզվեց, որ այսօր պայքարի են ելել նաև տղամարդիկ:

Տիգրան Խզմալյանի կարծիքով այն, ինչ այժմ կատարվում է Կոմիտաս 5 հասցեում մի մանրկերտ է, որում արտացոլվում են մեր պետության մեջ տեղի ունեցող շատ խորքային գործընթացներ:

 Խզմալյանը հետաքրքիր գնահատեց նաև ոստիկանության պահվածքը, որը ցույց է տալիս , որ ռեժիմն արդեն «ճաք է տվել և այն էլ` շատ խորը»:

 «Բացառությամբ 2-3 ընդգծված տականքների, ոստիկանները հիմնականում շատ կոռեկտ են իրենց պահում: Ընդ որում, ոմանք դրսևորում են ակտիվ քաղաքացիական մոտեցում»,- Տիգրան Խզմալյանը խուսափեց կոնկրետ անուններ տալուց` վերջիններիս անվտանգությունը պահպանելու նկատառումներով:

 Առավել ցինիկ և սադրիչ պահվածքով հանդես էր եկել Արաբկիր համայնքի փոխմիլպետ Արայիկ Պետրոսյանն, ով առանձնանալով պայքարող կանանց հետ` վերջիններիս  նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելով:

 «Նույն այդ ոստիկանը երեկ ակտիվիստ Տաթևիկ Մայիլյանին շինհրապարակում սեռական բնույթի հայհոյանք տվեց, ինչից աղջիկը ծայրաստիճան վիրավորված և հուզված ճչում էր,  թե ինչպես կարող է հայ տղամարդը հայ օրիորդին այդպիսի բաներ ասել»:

Խզմալյանի համոզմամբ, այն հանգամանքը, որ մի տարածքում հավաքվել են նախկինում էլ ցինիզմով և լկտիությամբ աչքի ընկած ոստիկաններ, խոսեն այն մասին, որ ռեսուրսները շատ քիչ են:

«Եթե դիմադրության մի օջախում հավաքվում են նման «կարկառուն» դեմքեր, նշանակում է, որ ռեժիմը ճաք  է տվել»: Քննարկմանն էր ներկա նաև «Նախախորհրդարանի» անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանն, ով դեռևս 2010 թվականից ապօրինի շինարարության դեմ պայքարող բնակիչների կողքին է եղել:

«2010 թվականին Լիբեր ՍՊԸ-ն ներկայացրել է վերին աստիճանի թերի մի փաթեթ, քաղաքապետարանն էլ առանց անհրաժեշտ թույլտվությունները ստանալու` իր ստորագրությամբ կնքված թույլտվությունը հանձնեց Լիբեր ՍՊԸ-ին»:

 Տիկին Ալավերդյանի խոսքերով քաղաքաշինության մասին համապատասխան օրենքում ասվում է, որ ցանկացած այնպիսի շինարարության դեպքում, որը պիտի տեղի ունենա այլ բնակելի շենքերի շրջապատում, գործընթացը սկսվում է հանրային լսումներից, որոնց անպայմանորեն ներկա պիտի լինեն շենքերի բնակիչները, պետք է լսվեն բոլոր կողմերի կարծիքները:

Միայն բնակիչների համաձայնությունը ստանալուց հետո կարող է սկսվել շինարարության գործընթացը: Ուստի Լարիսա Ալավերդյանի համոզմամբ շինարարության գործընթացը հենց ամենասկզբից եղել է խախտումներով, օրենքի անտեսումով. ոչ մի տեսակի լսումներ չեն անցկացվել: 

«Ես որպես և´ իրավաբան, և´մարդու իրավունքների պաշտպան, խորհուրդ եմ տվել բողոքող բնակիչներին գնալ իրավական ճանապարհով և այնուհետև սկսեցինք դատական գործընթաց»: 

Գործընթացը բավականին հաջող ընթացավ և շինարարությունն էլ կասեցվեց այն պարզ պատճառով, որ շինփաթեթը օերնքի բազմաթիվ խախտումներ ուներ,ուստի Լարիսա Ալավերդյանի համար բավականին անսպասելի էր Կոմիտաս 5 հասցեում այդ ապօրինի շինարարության վերսկսումը:

Լարիսա Ալավերդյանի համար շինարարության վերսկսումից և բնակչության ու կարմիր բերետավորների հետ բախումներից հետո առաջնային քայլը ոստիկանապետի հետ կապ հաստատելն էր.

«Ես զանգեցի Վլադիմիր Գասպարյանին ` ասելով որ այսպիսի դեպքերում, երբ ժողովուրդը տեսնում է կարմիր բերետավոր ոստիկանի, լարվածությունը շեշտակիորեն ավելանում է»: Ի պատասխան, ոստիկանապետը կոչ արեց անուններ բարձրաձայնելուց զատ գրավոր ցուցմունքներ ներկայացնել լկտի պահվածքով հանդես եկած ոստիկանների դեմ:

 «Ստացվում է, որ ամեն անգամ օրենքները խախտելով, որոշումներն ընդունելով ,թույլտվություն տալով, ոստիկանությանն են բերում և պատասխանատու դարձնում: Քաղաքացին ամեն անգամ ստիպված է լինում ներպետական ազատագրական պայքար մղել»:

 Իր ամփոփիչ խոսքում Տիգրան Խզմալյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է այս օրերում հասարակության ինքնապաշտպանության և ինքնակազմակերպման գործընթաց է` հայտնելով որ քննարկումից անմիջապես հետո վերադառնալու է Կոմիտաս 5` պայքարը շարունակելու: Նշենք, որ այսօր էլ իրավիճակը Կոմիտաս 5 հասցեում բավականին լարված է: Բնակիչների հետ բանակցելու համար տարածք է եկել Արաբկիրի թաղապետը, ով հորդորում է նրանց չխանգարել շինաշխատանքների ընթացքին: Բնակիչները, սակայն, պնդում են, որ չեն թողնելու տարածքում որեւէ շինություն կառուցվի:

 Փոխարենը Կոմիտասի բնակիչներն առաջարկում են տեղում խաղահրապարակ, լողավազան կառուցել, կամ տարածքը վերածել կանաչ գոտու: Հավելենք, որ այսօր էլ այնտեղ մեծ թվով ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ են հավաքված: Ակտիվիստները շինհրապարակում են, սակայն լրագրողներին արգելում են ներս մտնել:

 Ի դեպ, Մեդիա կենտրոնն այսօրվա քննարկմանը մասնակցելու առաջարկով հրավեր էր ուղարկել նաև քաղաքապետարան, սակայն վերջիններս հայտնել են, որ քաղաքապետարանում համապատասխան մարդ չեն գտնում քննարկմանն ուղարկելու համար` նշելով, որ այնուամենայնիվ շինարարությունն օրինական է: Հրավեր ստացած Լիբեր ՍՊԸ կազմակերպությունն էլ այն մերժել էր: 

Կոմիտաս 5-ի խնդրով Մեդիա կենտրոնը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին:Վերջինս տեղեկացրել է, որ խնդիրն այժմ ուսումնասիրվում է, և ավելի ուշ գնահատականներ կտրվեն: