Փաշինյանի թիկնապահներից մեկի բակում գիշերը նռնակ է պայթել. տեսախցիկը ֆիքսել է տղաարդուն, ով գցել է նռնակը (Video)


23:06 , 13 նոյեմբեր, 2021

168.am-ը գրում է.

168.am-ն այսօր գրել էր, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ, տուժածներ չկան:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տանտերն ունի 2 որդի, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից է։

168.am-ը եղել է դեպքի վայրում, զրուցել հարևանների հետ։ Մեր զրուցակիցներն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չցանկացան տեսախցիկի առջև խոսել, բայց կադրից դուրս պատմեցին գիշերը կատարվածի մասին․

«Գիշերը մոտավորապես ժամը 2-ն էր, ուժեղ պայթյունի ձայն լսեցինք, մեզ թվաց, թե գազի տրուբեքն են տրաքել, արագ վազեցինք դուրս, տեսանք՝ ոչ մի բան չկա։ Առավոտ նոր իմացանք, որ մի մարդ վազելով եկել, նռնակ է նետել մեր հարևանի տան բակը ու փախել, էլ ոչ մի բանից տեղյակ չենք»։

Հարևաններից մեկ ուրիշն էլ ասաց, որ տանտիրոջ տղաներից մեկը, որ այժմ Նիկոլ Փաշինյանի թիկնապահն է, երկար տարիներ է անվտանգության համակարգում աշխատում․

«Ինքը նախկին իշխանությունների ժամանակ էլ է աշխատել անվտանգության համակարգում, Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ մնացել է, անվտանգությունում է աշխատում։ Խելոք մարդիկ են, իրենցից վատ բան չենք տեսել․․․»։

Հարևաններից մեկն էլ, որ 2 փողոց այն կողմ էր ապրում, ասաց, որ իրենք ևս ուժեղ պայթյունի ձայն են լսել, բայց կրկին մտածել են, որ գազի խողովակներն են վնասվել։

«Մեր տունը ահագին հեռու է իրենց տնից, բայց ահավոր ուժեղ գմփոց լսվեց, բոլորս թռանք դուրս…»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ տարածքում աշխատանքներ իրականացնող ոստիկանները սկզբում մեզ չթույլատրեցին տարածքում նկարահանում իրականացնել՝ ասելով, որ պետք է նախ ոստիկանության լրատվական ծառայությանը դիմել։ Եվ մինչ մենք կզրուցեինք ոստիկանության լրատվական ծառայության, ապա՝ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, տան բակը և փողոցի մի հատվածը սահմանազատած ոստիկանները հեռացան, տան և ավտոտնակի դարպասներն էլ փակվեցին, սակայն մենք ֆիքսեցինք, որ տան բակում կայանված էր Toyota land cruiser մակնիշի սև ավտոմեքենա, ավտոտնակում՝ Ford Fussion մակնիշի սպիտակ ավտոմեքենա, իսկ տան դիմաց՝ Lexus GX սև ավտոմեքենա՝ բոլորը միևնույն պետհամարանիշներով՝ 08 808:

Ուշագրավ է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում, սակայն, ինչպես ոստիկանությունից էին 168.am-ին հայտնել, ահազանգը եղել է դեպքից շուրջ 5 ժամ անց․

«Նոյեմբերի 13-ին, ժամը 07:20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, զանգահարել է քաղաքացի ու հայտնել, որ տան բակում գիշերը տեղի է ունեցել նռնակի պայթյուն, որի հետևանքով վնասվել են տան պատուհանները: Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- մեզ հետ զրույցում տեղեկացրել էին ոստիկանությունից:

Նշենք, որ 168.am-ի տրամադրության տակ կադրեր են հայտնվել Կոտայք գյուղում այս գիշեր տեղի ունեցած միջադեպից, որտեղ երևում է, թե ինչպես է ժամը 01։50-ի սահմաններում մի մարդ քայլելով անցնում նշված փողոցով, իսկ րոպեներ անց դիմում փախուստի։ Մեր տեղեկություններով՝ այս նույն կադրերը փոխանցվել են նաև ՀՀ ոստիկանությանը։