15:12 , 12 նոյեմբեր, 2021Tert.am-ը գրում է․
Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ օրերս հայ և ադրբեջանցի գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Քաղաքագետն ընդգծում է, որ թեև Ֆրանսիան համանախագահ երկրներից մեկն է, արտգործնախարարների մակարդակով ուղիղ շփման երկիրը դուրս է եկել ԼՂ-ում մարտական գործողությունների դադարից մեկ տարի անց միայն: Ի դեպ, Լե Դրիանը մատնանշել է «կողմերի միջև երկխոսության ակտիվացմանն աջակցելու ցանկությունը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման»: Վերջինս հավելել է, որ Մինսկի խումբը ակտիվ գործողություններ է ձեռնարկում այդ նպատակին հասնելու համար:
Սա Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների արդեն երկրորդ հանդիպումն էր, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ: Առաջին հանդիպումը կայացել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում:
Տարասովը նկատում է, որ Լե Դրիանը, մեկնաբանելով գործընկերների հետ հանդիպման արդյունքները, նշել է, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կայուն խաղաղություն հաստատելու համար՝ կրկնելով այն, ինչ ավելի վաղ ասել էր Փարիզում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Փարիզը դիտարկում է որպես «միջանկյան նշանակության փաստաթուղթ», այժմ խոսքը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ «երկարաժամկետ կայուն համաձայնագրի» նախապատրաստմանն ուղղված ջանքերի մասին է: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը կողմ է այդ դիրքորոշմանը՝ փաստելով, որ թեև հրադադարի ռեժիմը ԼՂ-ում պահպանվում է, ինչպես ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, «հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, դեռևս կան շատ հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է»: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ