Անգլերենի բարձրակարգ դասընթացներ և որակյալ կրթություն արտասահմանում. «London Eye»-ը հրավիրում է համագործակցության


15:27 , 21 օգոստոս, 2013

Այսօր զրուցում ենք «London Eye» ուսումնական միջազգային կենտրոնի «Կրթություն արտասահմանում» բաժնի ղեկավար Գայանե Եղիազարյանի հետ:

- Ձեր կենտրոնը իր գործունեության կարճ ընթացքում հասցրել է ճանաչում ստանալ: Ինչո՞ւմ է գաղտնիքը, և որոնք են «London Eye»-ի գործունեության հիմնական ուղղությունները:

- Կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին և ունի գործունեության երկու ուղղվածություն: Կենտրոնում ուսուցանում են օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Բացի դրանից` «London Eye»-ը հնարավորություն է տալիս նաև հետաքրքրված անձանց մասնակցելու տարատեսակ արտասահմանյան ծրագրերի և կրթություն ստանալու արտասահմանյան ճանաչված ուսումնական հաստատություններում: Կենտրոնին կից գործում է նաև անգլերեն լեզվի ակումբ, որտեղ հավաքվում են տարբեր տարիքային խմբի մարդիկ և պարզապես շփվում են անգլերենով: Ակումբը բաց է բոլորի համար, և անգամ գրանցվել պետք չէ: Թերևս միակ բանը, որ պահանջվում է ակումբին միանալու համար, անգլերենի միջին իմացությունն է: Զբաղվում ենք նաև ուսուցիչների վերապատրաստմամբ, ընդ որում ինչպես մեր իսկ կենտրոնում դասավանդող ուսուցիչների, այնպես էլ այլ ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների: Իսկ հաջողության գաղտնիքը շատ պարզ է՝ աշխատասիրություն ու պրոֆեսիոնալիզմ:

- Խոսենք անգլերենի ուսուցման մասին. Ինչպիսի՞ կուրսեր եք առաջարկում, ի՞նչ բարդության, ի՞նչ տարիքային խմբերի համար, ի՞նչ պայմաններով:

- Նախ նշեմ, որ անգլերենի ուսուցման բաժնի ղեկավարը, ով հրավիրյալ արտասահմանցի բարձրակարգ մասնագետ է, կիրառում է շատ նորարարական ու արդյունավետ մեթոդիկա, ինչի շնորհիվ մեր սաները միշտ բարձր արդյունքներ են գրանցում կուրսն ավարտելուց հետո: Մեր կենտրոնում կան անգլերենի տարբեր կուրսեր՝ սկսած ընդհանուր իմացության կուրսից, վերջացրած բիզնես անգլերենով կամ TOEFL թեստի նախապատրաստման կուրսով: Կան երկու հիմնական տարիքային խմբեր՝ 5-16 տարեկան և 16+ տարեկաններ, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի՝ կախված կուրսի տեսակից ու անգլերենի առկա մակարդակից: Մատուցված ուսուցման որակի ու արդյունավետության պայմանները խիստ մատչելի են. օրինակ՝ 5 շաբաթ տևողություն ունեցող կուրսի գինը, որը շաբաթական երեքական պարապմունք է ներառում, արժե 37.500 դրամ: Ասեմ ավելին. նոր կրթական շրջանը սկսվում է սեպտեմբերի 9-ից, իսկ գրանցումը՝ մինչև սեպտեմբերի 5-ն է, և ով պատրաստակամություն հայտնեց, որպեսզի պարապմունքները լինեն մինչև 17:00-ը, կստանա 50 տոկոս զեղչի հնարավորություն:

- Ի՞նչ ծրագրեր եք առաջարկում դիմորդներին արտասահմանում, և ի՞նչ է պետք դրանց մասնակցելու համար:

- «London Eye»-ը հանդիսանում է այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ, ինչպիսին «Education First»-ն է (EF), որի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են մեզ և նորանոր ծրագրեր ու ուսուցման տարբերակներ են առաջարկում մեր դիմորդներին՝ ամառային դպրոցներ, լեզվի խորացված ուսուցման ակադեմիական կուրսեր, նախահամալսարանական կրթություն և այլն: Բացի EF-ից մենք համագործակցում ենք մոտ մեկ տասնյակ հեղինակավոր համալսարանների ու այլ կրթական հաստատությունների հետ, որոնք իրենց հերթին շատ լավ կրթաթոշակներ են առաջարկում (Հատկապես Անգլիայում սովորելու համար) բակալավրիատում և մագիստրատուրայում սովորելու համար: Դրանց մասնակցելու համար պարզապես պետք է հենց Հայաստանում հանձնել անգլերենի քննություն, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, և եթե քննության արդյունքները բավարարում են պահանջներին, իսկ բոլոր փաստաթղթերն առկա են լինում, ապա տրամադրվում է կրթաթոշակ, և տվյալ ուսանողը կարող է իր ուսումը փաստացի աշխարհի ցանկացած կետում շարունակել: Պարզապես նման ծրագրերը ունեն որոշակի տարիքային ցենզ: Այսինքն՝ բակալավրիատում սովորելու համար դիմորդը պետք է լինի 18 և ավել տարեկան, իսկ մագիստրոսի դեպքում արդեն 21 և ավելի տարեկանների մասին է խոսքը գնում:

-Գիտեմ, որ մոտ օրերս կազմակերպում եք հանդիպում հեղինակավոր անգլիական համալսարանների ներկայացուցիչների և հետաքրքրված մարդկանց միջև: Կպատմե՞ք դրա մասին:

- Այո, իհարկե: Սույն թվականի օգոստոսի 22-ին մենք ընդունելու ենք Չեսթերի համալսարանի ներկայացուցչին, ով անհատական հանդիպումներ կունենա ցանկացողների հետ, որպեսզի առաջարկի իրենց համալսարանում սովորել, ինչպես նաև ծանոթացնի կրթաթոշակային ու զեղչային քաղաքականությանը: Ի դեպ, բոլոր հետաքրքրվողները կարող են դիմել, և իրենք էլ հանդիպեն մեր հյուրի հետ: Սովորաբար մենք նման հանդիպումներն անց ենք կացնում սեմինարների տեսքով կամ աշխատանքային խմբերի ֆորմատում, բայց այս անգամ որոշեցինք, որ անհատական հանդիպումները ավելի արդյունավետ են ու համապարփակ, այնպես որ ցանկացողները կարող են համենալ մեր կենտրոն և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև ծանոթանալ մեր այլ առաջարկներին: