ՀՀ և ԱՀ իշխանությունների բացարձակ լռությունն ու հանցավոր անգործությունն ուղղակիորեն նպաստում են Թուրքիայի ցեղասպան քաղաքականության իրականացմանը


17:50 , 10 նոյեմբեր, 2021

ՀՀ ԵՎ ԱՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
․ Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարը սպանեց Մարտակերտի մոտ գտնվող իր նռան այգում աշխատող 55-ամյա Արամ Տեփնանցին։
․ Հոկտեմբերի 15-16-ին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծեցին Երասխ համայնքը՝ այրելով անասնագոմեր և խոտի մի քանի հազար հակ։
․ Նոյեմբերի 8-ին Շուշիի հարևանությամբ ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցու կողմից սպանվեց 22-ամյա Մարտիկ Երեմյանը, վիրավորվեցին երեքը։
․ Երեկ՝ նոյեմբերի 9-ին թշնամին կրակել է Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ, փշրել հողային աշխատանքներ իրականացնող բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները:
Եվ սա ընդամենը մեկ ամսվա ընթացքում և միայն քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործություններն են։ Այս կարճ ժամանակահատվածում թշնամին բազմիցս թիրախավորել է առաջնագծում մեր դիրքերը, վիրավորել մեր 7 զինծառայողներին, կրակել բանակի թիկունքային ապահովման և սանիտարական մեքենաների վրա։
Արդյո՞ք սրանք առանձին միջադեպեր են։
Արդյո՞ք այս հանցագործությունները պետք է դիտարկել իրարից անջատ։
Ոչ։
Այս ամենը հայերի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և իր գործիք Ադրբեջանի կողմից որդեգրած, հետևողականորեն և անընդհատ շարունակաբար իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներն են։
Այս պարագայում ՀՀ և ԱՀ իշխանությունների բացարձակ լռությունն ու հանցավոր անգործությունն ուղղակիորեն նպաստում են Թուրքիայի ցեղասպան քաղաքականության իրականացմանը, ավելին՝ խթանում են այն, մղում գործել էլ ավելի լկտի ու սանձարձակ։