Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում (տեսանյութ)


14:55 , 10 նոյեմբեր, 2021

Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։ Հանձնաժողովի նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր փոփոխությունների առաջարկություն ներկացրել, ըստ որի սահմանվում է, որ ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

«Առաջին և երկրորդ ընթերցման արանքում բազմաթիվ կոնսուլտացիաներ են եղել, թե՛ ՔՊ-ում, թե՛ հասարակական լայն քննարկումներ։ Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»,-ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանանը նախարարին հիշեցրեց, իրենք ևս փոփոխությունների առաջարկությունն էին ներկայացրել, առաջարկելով, որ հունվարի 2 և 7 ևս ոչ աշխատանքային լինեն, բացի այդ Մայր Աթոռը նույնպես առաջարկություն էր ներկայացրել ոչ աշխատանքային թողնելու նաև հունվարի 5-ը և 7-ը։

Նախարարն արձագանքեց, որ Հայ առաքելական եկեղեցու առաջարկները մանրամասն քննարկել են, այլ քննարկումներ ևս եղել են։

«Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, այն քննարկվել է էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում և, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փիլիսոփայությունը, որը մենք դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասաց նա։

Աղվան Վարդանյանը նշեց, որ փաստորեն Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդառաջել Մայր Աթոռի առաջարկություններին։

«Երկրորդը, պարոն նախարարին պիտի խնդրեմ տարբերակել հանրային քննարկումները՝ Ազգային ժողովի կանոնակարգով ներկայացված առաջարկությունների ներկայացումից»,-ասաց նա։