ՌԴ ռազմական օբյեկտները Բելառուսում կմնան ևս 25 տարի


20:12 , 8 նոյեմբեր, 2021
Ռուսաստանն ու Բելառուսը 25 տարով երկարաձգել են Բելառուսում ռուսական երկու ռազմական օբյեկտների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են երկուշաբթի՝ նոյեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվության պորտալում։

1995 թվականից Բելառուսում տեղակայված է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 43-րդ կապի կենտրոնը՝ «Վիլեյկա»-ն և «Վոլգա» ռադիոտեղորոշիչ կայանը, որը ռուսական հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի մաս է կազմում։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը ստորագրել են միութենական պետության ստեղծման շրջանակներում երկու երկրների ծրագրերի վերաբերյալ ինտեգրացիոն հրամանագիրը։ Կողմերը հաստատել են նաև ռազմական նոր դոկտրինը և միգրացիոն հայեցակարգը։