Ինքնին ադրբեջանական զինվորականների ներկայությունը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է


19:30 , 8 նոյեմբեր, 2021

Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից կրակոցներով քաղաքացիական 3 անձի վիրավորելը և 22-ամյա 1 անձի սպանությունն անհերքելի ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական որևէ բնակավայրի մոտ չպետք է լինեն: Այդքան այս մասին զգուշացնում ենք:
Պետք է ի վերջո ընդունել, որ ինքնին ադրբեջանական զինվորականների ներկայությունը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, ովքեր ապրում են իրենց կյանքի համար անմիջական անընդհատ վտանգի ներքո:
Արցախի իմ գործընկերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը (Gegham G. Stepanyan) հաստատել է, որ այսօր՝ 2021թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի մոտ ջրամատակարարման խողովակների վրա նորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց վրա: Արդյունքում՝ խաթարվել է նաև Բերձրորի ճանապարհի Շուշիի հատվածի երթևեկությունը: Այս տեղեկությունները հաստատումոցվ հրապարակել է նաև Արցախի ԱԱԾ-ն:
Այս կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որ ոչ միայն քաղաքացիական անձանց ապօրինի զրկել են կյանքի իրավունքից, այլ նաև նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:
Ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, դա խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:
Փաստերը վկայում են, որ թե՛ Հայաստանու, թե՛ Արցախում այս խախտումները բնույթով նույնն են ու դրանց իրական պատճառը ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է: 2020թ. պատերազմից հետո այն ոչ միայն չի նվազել, այլ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ ի ցույց դնելով ֆաշիստական բնույթը: Այն ավելի է մեծացնում լարվածությունը և խորացնում թշնամանքը:
Սա մարդու իրավունքների լրջագույն խնդիր է: Ադրբեջանական այս քաղաքականությունն է մարդկանց կյանքի, սեփականության և մյուս բոլոր իրավունքների խախտումների հիմքում, այն խախտումների աղբյուրն է:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան