Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել. Արցախի ԱԱԾ


16:33 , 8 նոյեմբեր, 2021

Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:  Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: