«Դուրս չես գալիս դու, արա»․ Արարատի մարզպետի լկտի պահվածքը (Video)


20:28 , 5 նոյեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերթական անգամ աչքի ընկավ իր լկտի և անպարկեշտ պահվածքով։ Մենք նրան քաղաքավարի հարցեր էինք ուղղում Արարատի մարզի մի շարք համայնքերում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների, ՔՊ-ական թեկնածուների վերաբերյալ, սակայն նա արհամարհական, կոպիտ տոնով էր արձագանքում մեր հարցերին։ 

Օրինակ, մեր գործընկերուհուն կոպտեց միկրոֆոնը իրեն մոտ պահելու համար, այն դեպքում, երբ աստիճաններով իջնում էինք, տարածքը նեղ էր, և միկրոֆոնը չէր կարող շատ հեռու պահել։ «Լավ, էտի մի կոխի բերանս, գնա էն յան, մի քիչ հեռու պահի»,-ասաց մարզպետը՝ ցույց տալով իր բռի, անտակտ կերպարը։

Hraparak.am-ն էլ հարցրեց նրան՝ ինչո՞ւ էր նա որոշ ժամանակ առաջ պաշտոնից ազատման դիմում ներկայացրել, ո՞րն էր պատճառը։

«Պատճառը դու էիր»,-հեգնեց Թևոնյանը։

Իսկ հետո այդ դիմումը հետ վերցնելու պատճա՞ռն էլ էինք մենք, մարզպետն այսպես արձագանքեց․ «Չէ, մյուս ընկերդ»։

Իսկ երբ հարց հնչեց Տիգրանաշենում իր ունեցած առանձնատան մասին, նա ասաց, թե Տիգրանաշենում հիմա տները թանկացել են, իսկ ինքն այդ տունը 1997 թվին, երբ կառուցել է, ծախսել է 200 հազար դոլար փող։

Մեր մյուս գործընկերուհու հարցին, թե ինքը հիմա, որ ծախելու լինի իր տունը, ավելի բա՞րձր գնով կծախի, մարզպետը նորից վիրավորական պատասխան տվեց․ «Չէ, ես ընդե ծախելու չունեմ։ Մյուս անգամ տենց անտակտ հարցեր չտաք»։

Հարցրինք՝ ինչո՞ւ է այդպես կոպիտ ու անհարգալից տոնով արտահայտվում, Թևոնյանը վերջնականապես անցավ չափերը․ «Դուրս չես գալիս դու, արա»։

Արձագանքեցինք, որ չի կարող մեզ հետ «արա»-ով խոսել, կարող է իր ղեկավարության հետ «արա»-ով խոսել, բայց ոչ՝ մեզ հետ։