Արման Թաթոյանը եվրասիական տարածաշրջանի իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները


21:21 , 28 հոկտեմբեր, 2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի 6-րդ նիստին, որը նվիրված է եղել երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերին:
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների ղեկավարներ:
Արման Թաթոյանն իր ելույթում ողջունել է նիստի մասնակիցներին, ապա ներկայացրել Պաշտպանի հաստատության փորձը՝ շեշտելով, որ հատուկ ուշադրություն են դարձնում համացանցից երեխաների անվտանգ օգտվելու կանոնների վերաբերյալ իրազեկումներին։ Մասնավորապես, Արման Թաթոյանը ներկայացրել է ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ու «Կասպերսկի» կազմակերպության հետ համատեղ դասընթաց կազմակերպելու փորձը:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդներին աջակցող սոցիալ-տնտեսական միջոցառումների ընդլայնմանը և նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին կից երիտասարդների իրավունքների պաշտպանության խորհուրդների ստեղծմանը:
Նիստին մասնակից մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները կարևորել են երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցում գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: