Կառավարությունը սահմանեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը


14:31 , 21 հոկտեմբեր, 2021

Կառավարությունն ընդունեց որոշում, որով հայտարարվում է 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, որոշվել է 2021 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

«Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ»,- ասված է հիմնավորման մեջ: