Շարունակաբար տապակվելով Հայաստանի առկա խնդիրների մեջ՝ անուշադրության չմատնենք գլոբալ քաղաքական երեւույթները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեզ վրա


00:21 , 20 հոկտեմբեր, 2021

Շարունակաբար տապակվելով Հայաստանի առկա խնդիրների մեջ՝ անուշադրության չմատնենք գլոբալ քաղաքական երեւույթները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեզ վրա։
Խոսքը գնում է Թուրքիայի նախագահի այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մասին աղմկահարույց հայտարարության եւ դրան հաջորդած ՌԴ ԱԳ նախարարի արձագանքի շուրջ։
Էրդողանի հայտարարության մասով.
1. Թուրքիան նոր խաղ է սկսում ռեգիոնալ գերտերությունից գլոբալ խաղացող ճանաչվելու համար։
2. Թուրքիան հարցականի տակ է դնում առկա միջազգային հարաբերությունների ճարտարապետությունը։
3. Թուրքիան փաստացի առաջարկում է վերանայել Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետեւանքները։
4. Թուրքիայի նախագահը ճշգրիտ ընտրել է իր հարձակման վայրը, հայտարարությունը անելով թերարժեքության բարդույթ ունեցող Աֆրիկա կատարած այցի ընթացքում։
Լավրովի պատասխանի մասին.
1. Ռուսաստանը կարծես թե չի բացառում ՄԱԿ-ի հնարավոր ռեֆորմի շուրջ նման քննարկումների ծավալումը, այն ուղղորդելով ԱԽ ոչ մշտական անդամների թիվը փոփոխելու հունով։
2. Ռուսաստանը Էրդողանի՝ մշտական անդամ հնգյակին խայթոցի էներգիան փորձում է տրանսֆորմացնել եւ ուղղել Արեւմուտքի դեմ։
3. Ռուսաստանի կոնստրուկտիվ արձագանքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային տեղի է ունենում Ալյանսի հետ հարաբերությունների աննախադեպ սրման ֆոնին։
4. Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ ՄԱԿ-ի ռեֆորմը մի կողմից օրհասական է, մյուս կողմից Անվտանգության խորհրդի անդամների ընդլայնման հարցը, հատկապես՝ մշտական անդամների մասով, Պանդոռայի արկղ է, որից բացվելու դեպքում Թուրքիայից բացի վստահաբար դուրս կգան նաեւ Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան եւ այլն։