Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում իրականացված ահաբեկչության կազմակերպչին


20:55 , 19 հոկտեմբեր, 2021

Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադի առեւտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպչին, որի հետեւանքով զոհվել է 300 մարդ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին:

Ղազվան ալ Զավային բռնվել է «երկրի սահմաններից դուրս անցկացված հետախուզական գործողության» ընթացքում, հայտարարել է վարչապետը: Իրաքի հետախուզության երկու աշխատակիցներ գործակալությանը հաղորդել են, որ գործողությունն անցկացվել է իրաքյան ուժերի միջոցով՝ անունը չնշված հարեւան երկրի աջակցությամբ:

Ղազվան ալ Զավային Իրաք է ուղարկվել երկու օր առաջ: Բաղդադի Քարադա շրջանում իրականացված ահաբեկչությունն ամենամահաբերն է դարձել Իրաքում 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժման ժամանակներից ի վեր: Պայթուցիչ նյութով հանդերձված բեռնատարը պայթել է լեփ-լեցուն առեւտրի կենտրոնի հարեւանությամբ: Զոհերից շատերը մահացել են պայթյունից հետո շենքը ճարակած հրդեհի հետեւանքով, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: