Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում


15:50 , 18 հոկտեմբեր, 2021
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ:

Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ հարաբերություններն Իրանի և Ադրբեջանի միջև բնականոն ընթացք են ունեցել, սակայն հավելել է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»:

Հիշեցնենք, որ այս առնչությամբ Խաթիբզանդեն հայտարարություն էր արել օրեր առաջ՝ նշելով, որ Ալիևի հայտարարություններն անհիմն են: