Տեղի ունեցավ «Հաղթության մատյան» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի 63 հերոսներին


11:11 , 18 հոկտեմբեր, 2021

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Հաղթության մատյան» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին։ Գրքի հեղինակի՝ Վահագն Ժամկոչյանի խոսքերով, գիրքը գրելու ցանկությունը պատահական է ստացվել․ Տեսնելով զոհված տղաների ծնողների տառապանքը, երկար մտածելուց հետո գրել է գիրքը։

Ըստ հեղինակի, գրքի նպատակն է եղել բոլոր զոհված տղաներին սրբացնելը․ «Նրանց բոլորին հիշատակել եմ գրքումս։ Գրքի հեղինակը ժողովուրդն է, ես ընդամենը գրողն եմ»։

Իսկ թե ինչու է գիրքը վերնագրված հենց «Հաղթության մատյան» վերնագրով, Ժամկոչյանն ասել է, որ տղաները գնացել էին հաղթելու և նրանք չեն պարտվել։ 

Presstime.am-ը խոսել է նաև զոհված հերոսների ծնողների հետ, ովքեր ներկա էին գրքի շնորհանդեսին։ 

Հերոս Մխիթար Գալեյանի մայրը, ով ապրում է տղային նորից մի օր տեսնելու հույսով ու երազանքով, նշել է, որ վերջին խոսակցությունը եղել է ռազմի դաշտից՝ սեպտեմբերի 30-ին․ «Բացարձակ տպավորություն չկար, որ նա ռազմի դաշտում է, որովհետև ոչ մի ձայն չէինք լսում՝ խնամքով թաքցնում էր ամեն բան։ Իր միակ խոսքը եղել է այն, որ մենք մեզ լավ նայենք, որ ինքն էլ այնտեղ լավ լինի։ Չեմ հավատում այս ամենին, ինձ թվում է սա վատ երազ է»։ 

Հերոս Հայկազ Մկրտչյանի մայրն իր հերթին ասել է, որ տղայի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ին՝ զոհվելուց մեկ ժամ առաջ․ «Շատ հոգնած էր, բայց միևնույն ժամանակ երբեք չէր ընկճվում։ Հայկը ծառայում էր Շամշադինում, իրեն այնտեղից էին տարել ռազմի դաշտ։ Ասում էր՝ մինչև չգնա՝ կռիվը չի վերջանա։ Ոգևորող ոչ մի բան չկա ապրելու համար։ Իր ուժն է ինձ փոխանցվել, որ այս մեծ ցավից հետո դեռ կարողանում եմ ապրել»։ 

Հերոսի մայրը նշել է, որ տղայի վերաբերմուքը հայրենիքին լրիվ այլ էր․ «Հիշում եմ օգոստոսն էր, տղայիս 3-4 ամիս էր մնացել զորացրվելու համար, խոսում էինք, ասացի, թե երբ է վերջացնելու ու տուն վերադառնալու, ինձ ասաց՝ տենց մի ասա մամ, որ ետ եմ նայում ու տեսնում եմ գյուղի բնակիչներին, ովքեր քնում ու հանգիստ վեր են կենում մեր շնորհիվ, դրանից լավ զգացողություն չկա»։ 

Հաջորդ հերոսը՝ Բեգլարյան Սերժը ծառայել է Հադրութում։ Տարի 8 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Պատերազմի դաշտում եղել է 5 օր։ Հերոսի մայրը նշել է, որ տղայի ներկայությունն ամեն վայրկյան զգում է․ «Իր ընկերների ասելով՝ շատ մեծ գործեր է հասցրել անել այդ 5 օրվա ընթացքում անել։ Սերժը բարության կերպար էր, իր աչքերն ամեն ինչ ասում էին։ Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 30-ին, ընդհանրապես չէր ասում ինչ է կատարվում, միայն ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Միայն մի բան էի խնդրում տղայիս, որ ետ գա ու ինձ մենակ չթողնի։ Ֆիզիկապես ինձ հետ չէ, չեմ տեսնում իրեն, չեմ կարողանում ձեռք տալ, բայց հոգեպես ամեն վայրկյան զգում եմ ներկայությունը»։ 

Նշենք նաև, որ գիրքը լույս է տեսել Բեյբության Արփինեն է ֆինանսավորմամբ։ Նա հերոս Հովհաննես ԲեյբությանԻ (Հովաս) քույրն է, ով նույնպես զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում․ «Գրքի հեղինակը ՝Վահագն Ժամկոչյանը, Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հերոսների մասին գիրք է գրում և հարկավոր է որևէ մեկը, ով գոնե մի փոքր ֆինանսավորում կապահովեր։ Ես էլ որոշոցի օգնել նրան այդ հարցում։ Մեծ բան չեմ արել, միայն օգնել եմ, որ իր գրվածներից գոնե մի մասը կյանքի կոչվի»։ 

Հավելեք, որ գրքում տեղ են գտել Արցախյան պատերազմում զոհված 63 հերոսների անունները։ Գործը շարունակական է լինելու, լույս են տեսնելու նոր մասեր, որոնք նվիրված կլինեն արդեն մյուս հերոսներին։ Պարոն Ժամկոչյանը մտադիր է գրել բոլորի մասին։

Օֆելի Իսրայելյան