Ոստիկանությունը հայտարարում է նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի մրցույթ


23:47 , 15 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող անձը և ինքնությունը հաստատող փաստաթղթերի (նույնականացման քարտերի և անձնագրերի) նոր դիզայնի ընտրության նպատակով ոստիկանությունը հայտարարում է մրցույթ՝ սկսած 2021թ. թվականի հոկտեմբերի 15-ից՝ մեկամսյա ժամկետով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցել կարող են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, որոնք մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք):

«Աշխատանքները (դիզայներական լուծումները) պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին (անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջները):

Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսահամար) վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը` նույն հրամանով սահմանված կարգով

Մրցութային ֆոնդը կազմում է երեք միլիոն ութսուն հազար (3.080.000) ՀՀ դրամ:

Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայտերն ընդունվում են մինչև 2021 թ. նոյեմբերի 15-ը, ժամը 17:00-ն։