«Կրակոցներ չկան այս պահին, միայն բնակչի խոտի դեզն է այրվել։ Ներկայում հրշեջները մարում են այն։ Չգիտեմ` արդյոք կրակոցներից է այրվել, թե ոչ, փորձագետները կասեն»,- նշեց Օղիկյանը։
Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ հարցին, թե արդյոք այրվող շինություն կա Երասխում, գյուղապետը բացասական պատասխան տվեց։
«Ես նման տեսանյութեր չեմ մեկնաբանում, այլ իմ աչքի տեսածն եմ ասում»,- ասաց Օղիկյանը։
Նշենք, որ համացանցում տեղեկություն ու տեսանյութ կա, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կրակոցներից հոկտեմբերի 9-ին հայ զինծառայող էր վիրավորվել, նրան վիրահատել են: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Պարբերաբար կրակոցներ են հնչում Երասխի հատվածում։