Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի կազմավորման ֆոնին. չի բացառվում, որ Նյու Դելին մտածում է աշխարհաքաղաքական հակակշիռ ստեղծելու մասին. Regnum


14:34 , 15 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարի այցը Հայաստան չի կարելի է վերագրել սովորական իրադարձությունների շարքին, այն էլ բազմաթիվ պատճառներով: Այս մասին «Ռեգնում» գործակալության կայքում հրապարակված հոդվածում գրում է կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ հայոց անկախության 30 տարում այդ մակարդակի ոչ մի հնդիկ պաշտոնյա չի այցելել Երևան, թեև հարաբերություններ երկրների միջև, այնուամենայնիվ, ձևավորվել են:

Հեղինակը նշում է, որ 2017 թվականին Երևանում է եղել Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությունը, որի այցը «Երկիր» պարբերականը բնութագրել էր որպես «հետախուզական», որի ընթացքում Նյու Դելին ոչ միայն հետաքրքրություն էր դրսևորել տարածաշրջանի նկատմամբ, այլև «փորձել էր հասկանալ Հայաստանի հետ համագործակցության ներուժը, խորությունն ու ուղղությունները՝ հարաբերությունների խորացման հեռանկարները հասկանալու նպատակով»:

«Մասնավորապես, Հայաստանն այն ժամանակ խոսում էր նախագծի մասին, որը թույլ կտար արագ և մատչելի գներով Հայաստանի տարածքով բազմամոդալային փոխադրումներ իրականացնել դեպի Հնդկաստանից Ռուսաստան և եվրոպական երկրներ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ»,- գրում է Տարասովը՝ հավելելով, որ նախագիծը կապված է «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հայեցակարգի հետ, որում Հնդկաստանը հանդես է գալիս որպես նախագծի համահիմնադիր:

Սակայն հետագայում դադար է տեղի ունեցել. հնդկական ուղղությունն ապրապնդելու Երևանի ջանքերն ապարդյուն են անցել: Թեև Նյու Դելին 2016 թվականին տասնամյա պայմանագիր է կնքել Թեհրանի հետ Չաբահար նավահանգստի համալրման և շահագործման վերաբերյալ, հետագա քայլեր չեն ձեռնարկվել Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան առևտրային երթուղու գործարկման համար: «Մեր կարծիքով՝ խնդիրն այն էր, որ Նյու Դելին պատրաստ չի եղել «կովկասյան նետմանը»՝ զբաղվելով իր արտաքին առաջնահերթությունների «առաջին» և «երկրորդ» օղակների ձևավորմամբ: Ներկայում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, ինչն էլ Հնդկաստանի ԱԳ նախարարին բերել է Երևան: Ի դեպ, դա տեղի է ունենում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի կազմավորման ֆոնին: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ Նյու Դելիում սկսել են մտածել աշխարհաքաղաքական հակակշիռ ստեղծելու մասին՝ դրանում ներառելով Հայաստանին»,- գրում է քաղաքագետը:

«Անկեղծ ասած, ես նույնպես բավականին զարմացած էի՝ իմանալով, որ ոչ մի արտգործնախարար Հնդկաստանից Հայաստան չի այցելել: Ցանկանում եմ վստահեցնել, որ եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել նախկինում, այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր պոտենցիալ հարաբերություններին»,- ասել է հնդիկ նախարարը Երևանում: Հեղինակը մեջբերում է հայ փորձագետների կարծիքը, որի համաձայն՝ դա կարող է փոխել «տասնամյակներով սահմանված, թեև փխրուն, բայց գոյություն ունեցող ուժերի և շահերի հավասարակշռությունն՝ առնվազն դեպի Սև ծով ելք ունեցող Անդրկովկասում միջազգային լոգիստիկայի առումով և վերջացրած Պարսից ծոցի, Արաբական ծովի և Հնդկական օվկիանոցի ափերով»:

Սակայն, ինչպես Տարասովը նշում է, Նյու Դելին խնդիրներ ունի ոչ միայն Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքի հետ կապված, այլև՝ Չինաստանի: Չէ՞ որ պակիստանյան Գվադարն իրականում պատկանում է չինական կապիտալին, իսկ Հյուսիս-Հարավ ճանապարհում հենց «պակիստանյան հատվածը» առաջ տանելու միտքը Պեկինինն է: Բացի այդ, Արարատ Միրզոյանը հայտնել է Իրանի հետ «Պարսից ծոց-Սև ծով» նախաձեռնությանը վերաբերող համաձայնագրի ստորագրման մասին, որով նոր լոգիստիկ երթուղի ի հայտ կգա, որը Հայաստանի միջոցով կկապի իրանյան նավահանգսիտները վրացականների հետ: Այդ նախագծի իրականացման հարցում հետաքրքրված է ոչ միայն Հնդկաստանը, այլև Բուլղարիան ու Հունաստանը: Այս ամենը նշելով՝ փորձագետը կարծիք է հայտնում, որ «Նյու Դելիի և ձևավորվող գլոբալ լոգիստիկ համակարգում նրա պոտենցիալ դաշնակիցների դիրքորոշումը կոշտ դիմակայության մեջ է մտնում նմանօրինակ չինական նախագծերի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: