Armenian heroes. աշխարհի տարբեր անկյուններում կյանքեր ու ճակատագրեր փրկած հայերի մասին՝ տելեգրամյան մեկ ալիքում


19:41 , 13 հոկտեմբեր, 2021

Շառլ Ազնավուր, Արամ Խաչատրյան, Սերգեյ Փարաջանով, Արշիլ Գորկի, Հովհաննես Այվազովսկի, Վիլյամ Սարոյան․․ շարքը երկար կարելի է շարունակել։ Աշխարհը հիմնականում հենց այս անունների շնորհիվ է ճանաչում հայերին, անգամ այն մարդիկ, ովքեր դժվարությամբ են քարտեզի վրա գտնում Հայաստանը։

Սուրեն Հարությունյան՝ 2017 թվականի փետրվարի 7-ին հայազգի հրշեջը Վոլգոգրադում փրկել է երեխայի կյանքը, նրան դուրս հանելով այրվող տնից։

Արամ Հարությունյան՝ 2016-ին ԱՄՆ-ում փրկել է վարորդին՝ նրան դուրս բերելով այրվող ավտոմեքենայից։

Հայկ Բաղդասարյան՝ 2016 թվականին Տյումենում փրկել է երկու ամսական երեխային։

Պյատիգորսկցի ուսանողներ Գրիգորյանը և Տիտովը 2017-ին փրկել են 10-ամյա երեխային։

2019-ի օգոստոսին Գարիկ Մուրադյանը Մինվոդիի օդանավակայանում ուղևորներին փրկել է՝ մարդասպան-Նիվայից։

2014 թվականին, 14 տարեկան Տիգրան Բաղդասարյանը Ստավրոպոլի երկրամասում փրկել է 3-ամյա երեխայի կյանքը․․․

Այսպիսի պատմությունները հազարավոր են, դրանք այդ պահին հայտնվում են օրվա մամուլի գլխագրերում ու լրատվական ծրագրերի թոփ-երում ու հաջորդ օրը մոռացվում։ Այս լուրերի հերոսները ևս հայեր են, սովորական մարդիկ՝ տաքսու վարորդներ, ուսանողներ, բժիշկներ, բանվորներ։ Նաև նրանց միջոցով է հայը ճանաչելի դառնում աշխարհի տարբեր անկյուններում։ Նաև նրանց միջոցով ենք մենք՝ բոլոր հայերս աշխարհի տարբեր անկյուններում հայտարարում, որ հայ ենք։

Այս մարդկանց հերոսության պատմություններն ի մի է բերել ու հանրահռչակման գործը ստանձնել՝ https://t.me/armenian_heroes տելեգրամյան ալիքը։ Խմբագրակազմի նպատակը՝ ևս մեկ գործոնով նպաստել, որ հայերը գլուխները բարձր քայլեն օտար երկրներում, որևէ կերպ չխուսափելով նշել իրենց ով լինելը։ Ալիքը ռուսալեզու է, թիրախային խմբում նաև օտարազգիներին ներառելու նպատակով։

Խմբագրակազմը նման լուրերի ամենօրյա փնտրտուքի մեջ է և բաց է համագործակցության համար։ Յուրաքանչյուրը կարող է նմանատիպ հերոսությունների ու սխրանքների պատմություններ ուղարկել և դրանք տեղ կգտնեն https://t.me/armenian_heroes-ի լրահոսում։

Հաշվի առնելով մեր հարևանների՝ ադրբեջանցիների գերակտիվությունն այս հարթակում, նորաստեղծ տելեգրամյան ալիքը գերկարևոր առաքելություն է ստանձնել։ Գաղտնիք չէ, որ քարոզչական պատերազմները վաղուց տեղափոխվել են սոցցանցայի դաշտ։ Այս առումով Տելեգրամն ամենժամյա զարգացում ապրող ու ազդեցություն ձեռք բերող հարթակ է դառնում։