Ասել են՝ 25 հազար դրամով կոմունալները, տան վարձերը կտաք, կապրեք, մի քիչ էլ հետ կգցեք. «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար


13:23 , 12 հոկտեմբեր, 2021

Արդեն քանի անգամ մեզ կանչում են կառավարություն, ինչ-որ բաներ են ասում, խոստանում, ու ոչինչ չի ստացվում: Նախորդ անգամ էլ իրենք նորից կանչեցին, մենք չգնացինք. Հիմա եթե ցանկություն ունեն մեզ բան ասելու, խնդրելու ենք, որ իրենք գան իրենց բերանով ժողովրդին ասեն՝ ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, ինչու չի կատարվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության դիմաց Արցախից տեղահանված բնակիչենրի բողքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:

«Նախորդ անգամ ասել են, որ ծրագրում են, որ գոնե սոցիալական հարցերը լուծեն ժամանակավոր օգնություն տրամադրեն: Դուք բոլորդ գիտեք, որ որոշել են ամսական 25 հազարական դրամ տան մեկ շնչին: Եվ առաջարկել են մեզ, թե ինչպես ծախսենք այդ փողը: Ասել են՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, ուտել խմելու հարցերը կլուծեք, մի քիչ էլ հետ կգցեք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարել է, որ հադրութցիների համար բնակարանաշինության ծրագիր կա Արցախում, Հայրյանն ասաց. «Ինձ համար Արցախ գնալը կգայթակղի միայն այն ժամանակ, երբ այնտեղ սկսվի ազգային ազատագրական պայքար: Եթե պայքար չկա, եթե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Ղարաբաղը վերացրել են, այդպիսի միավոր չկա, եթե ՌԴ նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջան, այդպիսին էլ կմնա, ես էլ ասել եմ՝ եթե Արցախին ստատուս չտրվի Հայաստանի կազմում կամ գոնե անկախ, Արախում հայ չի մնալու: Իշխանությունն իրավունք ունի մեզ պարտադրել, որ ձեզ տանում ենք էնտե՞ղ: Ես մի քանի անգամ իրենց զգուշացրել եմ, որ ձեր դիմաց մարդ է կանգնած, մի քիչ հասկացեք, որ մարդիկ ունեն իրավունքներ: Եթե ուզում են մարդկանց տանել Արցախ, թող էնտեղ ստեղծեն գրավչություն: Ինչպես 1992-ին ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ բնիկ երեւանցին գնաց Արցախ, էսօր նորից դատարկաձեռն հետ է եկել այս իշխանության պատճառով: Հիմա թող մեզ բացատրեն՝ ուր են տանում, ինչի են տանում: Եթե տեղահանվածներին ինչ-որ բան հասնում է, ինչո՞ւ եք դուք տնօրինում, թե մենք մեր տունը որտեղ ենք սարքում»:

Նա նկատեց, որ այն, ինչ հիմա կատարվում է, շատ նման է 1990-աանններին շահումյանցիների հետ կատարվածին, որոնք տեսնելով, որ իրենց տիրություն չեն անում, քիչ-քիչ հեռացան Հայաստանից դեպի Ռուսաստան:

«Բնակարան մեզ համար կարող է կառուցեն երեք տարում, իսկ մինչ այդ մենք դեռ պետք է գոյատեւենք, սակայն 68-հազարական դրամները կտրել են: Դրա փոխարեն որոշել են 25 հազար դրամ տալ: բոլորդ էլ գիտեք, թե Հայաստանում ինչ գներ են եւ 25 հազար դրամն ինչ է նշանակում»,-ասաց նա: