Օրեր առաջ թիվ 82 միջնակարգ դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի սաներին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր (Photo, Video)


22:36 , 6 հոկտեմբեր, 2021
Սեպտեմբերի 28-ին իմ հարազատ թիվ 82 միջնակարգ դպրոցի բակում հուշաքար-ցայտաղբյուր բացվեց։ Ես այդ օրն Արցախ էի մեկնելու ու չկարողացա ներկա գտնվել։ Հուշաքարը նվիրված էր ժամկետային զինծառայող Չատինյան Լևոնին, ով զոհվել էր հոկտեմբերի 3-ին, Ջրականում։ Լևոնը մեր կողքի շենքից էր, տան մինուճարը։ Մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ սկսվեց պատերազմը...
Մեր դպրոցից նաև 2 կամավորական տղերք էին զոհվել՝ Խաչատրյան Լևոնն ու Շաբոյան Մնացականը։ Լևոնը՝ հոկտեմբերի 28-ին, Մնացականը՝ հոկտեմբերի 30-ին։
Չնայած մեր դպրոցի նոր տնօրենին անձամբ չեմ ճանաչում, բայց հուշաքարի տեղադրումը բավական ողջունելի քայլ եմ համարում տղերքի հիշատակը հավերժացնելու հարցում։ Ամեն դպրոց չէ, որ նման կերպ մեծարում է իր սաներին։
Հպարտ եմ, որ ես էլ ձեզ հետ նույն դպրոցն եմ սովորել, տղերք ջան։ Մեզ բոլորիս նույն մանկավարժներն են կրթել, նույն կրթօջախը ու մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ զոհվել եք հերոսաբար, զոհվել եք հանուն հայրենի հողի՝ չխնայելով ամենաթանկը՝ ձեր կյանքը։
Հավերժ փառք ձեզ, տղերք ջան։ Խունկ ու խոնարհում ձեր հիշատակին։