09:05 , 21 օգոստոս, 2013
ՃՇՏՈՒՄ
«Հայր մերի» «Մի՛ տանիր մեզ փորձության» խոսքերը` բառի նշված իմաստով, մտքի անիմաստության ոլորտին են պատկանում, դրանք մեր հոգու բացասական խթանիչեր են: Ցույց տանք.
-Ի՞նչ է փորձությունը, ինչի՞ց է այդքան վախենում և վախեցնում Հիսուսը:
Անհատի ինքն իր, մարդկային այլ ամբողջությունների եւ աշխարհի հետ անմիջական հարաբերություն է, որից ձեւավորվում է կյանքն առաջ մղող որոշակի փորձառույթ՝ արտահայտված տարբեր ձեւերով (գիտելիք, զգացողություն, հմտություն, կարելիություն…),- բացատրում է տարրական փորձագիտությունը: Այդ առումով, սկզբունքորեն փորձություն է մարդու ամենափոքր շարժն անգամ, էլ չասած աստվածության՝ բացարձակ զորության հետ հարաբերվելը կամ որեւէ այլ խիզախ քայլ: Հետեւաբար, հեռու մնալ փորձությունից նշանակում է խխունջի պես պարփակվել, վախենալ որևէ ինքնուրույն ձեռնարկումից, սարսափել աշխարհի ու ինքն իր` իր ներքին «ես»-ի հետ հարաբերվելուց, ըստ այդմ՝ դառնալ արտաքին հանգամանքների գերի, կուրորեն հանգամանքների հետևից գնացող ստրուկ: Աղոթքի այդ խոսքերը հայի համար չեն: Ո՜վ չգիտի հային, որ իրեն անընդհատ փորձության է ենթարկում (կրակի հետ է նա անգամ «խաղում»), ում համար փորձությունը միշտ էլ հանդես է գալիս որպես կենարար սկզբունք: Հայ ժողովրդական ասացվածքն է անգամ ձեւակերպել փորձի այդ կողմը. «Փորձը փորձանք չէ»:
Ս. Լ. Մանուկյան
Փիլիսոփայության գիտությունների թեկնածու