Հացադուլավոր դատապարտյալը ազատ է արձակվել


04:43 , 21 օգոստոս, 2013

A1plus.am-ը գրում է.

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մանուկ Պողոսյանի հնգօրյա հացադուլը արդյունք տվեց։ Բայց ամեն ինչ ներկայացնենք սկզբից։ Այս տարվա օգոստոսի 16-ին լրացել է սպանության համար դատապարտված Մանուկ Պողոսյանի պատիժը կրելու վերջնաժամկետը։ Սակայն նրա հարազատները Մանուկի հետ դեռ հանդիպում էին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում և այսօր առավոտյան դեռ չգիտեին էլ, թե նա քանի օր կմնա այնտեղ։

«Դիմեցի Մաշտոցի դատախազություն, ասեցին, որ 13 տարի նստել ա, թող մի քիչ էլ նստի, ոչինչ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մանուկ Պողոսյանի մայրը՝ Մարիամ Պողոսյանը։

 Պատժի ժամկետը լրանալու օրը հարազատները տեղեկացել են, որ Մանուկ Պողոսյանն ավելի երկար պետք է մնա անազատության մեջ՝ օրենսդրական փոփոխության արդյունքում։ 2000թ-ին , երբ դատապարտվել է Մանուկ Պողոսյանը, նրա վրա տարածվել է ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, որով նախնական կալանքի 1 օրը հաշվարկվել էր մեկուկես օր։ 2004թ-ին, երբ քրեական օրենսգիրքը փոփոխվել է , պատժի կրման հաշվարկն արդեն այլ ձևով է ընթանում՝ մեկը օրը, որպես մեկ օր։

 Մարիամ Պողոսյանը դիմել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ հիմնավորում ստանալու, թե ինչու է իր որդին շարունակում անազատության մեջ մնալ։ Սակայն դատարանը մերժել է դիմումը. «Ռեալ ոչ մեկ չի ասում, որ գնա, մենք կօգնենք կամ ոնց օրենքն է,այդպես էլ կանենք»։

 «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 52 դատապարտյալ կա, որոնց վրա նույնպես ժամանակին տարածվել է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, երբ նախնական կալանքի մեկը օրը հաշվարկվել է մեկուկես օր։ «Ա1+»-ի տեղեկություններով, եթե Մանուկ Պողոսյանի հարցը մի քանի օրվա ընթացքում չլուծվի, ապա 52 դատապարտյալները եւս կմիանան հացադուլին։

Աշխատանքային օրվա վերջում հայտնի դարձավ, որ Մանուկ Պողոսյանին բաց են թողել։