«Ինչպե՞ս ստացվեց, որ 15.000-20.000 դրամ արժողությամբ ՊՇՌ թեստը կախարդական ձևով դարձավ 7.000-8.000 դրամ»․ բողոքի ակցիայի մասնակից


13:42 , 28 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

«Մեր բողոքի ակցիան կապված է մի շարք ապօրինությունների հետ, որոնք տիրում են նախարարության շենքում, որոնցից մեկը մարդկանց պարտադրանքի ենթարկելն է՝ պատվաստվել, կամ թեստավորվել, որն աբսուրդ է»․ ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է։

Քաղաքացիները հավաքվել են՝ հանդիպում խնդրելու նախարարի հետ։ Հարցադրումները կապված են պարտադիր պատվաստման, ամսական 2 անգամ վճարովի ՊՇՌ թեստավորման և դրա հետևանքով մարդկանց ապօրինի և անհիմն աշխատանքից ազատելու հետ։ Քաղաքացիները պնդեցին, որ այսօր՝ նախարարի հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ, որոշ ընկերություններ նաև բիզնես նպատակներով, ՊՇՌ թեստավորման արժեքը նվազեցրել են։

«Մենք նաև եկել ենք իրենց աջակցելու։ Նախարարությունը չգիտի, որ մինչև այժմ ՊՇՌ թեստավորումն արժեր 15-20 հազար դրամ, հիմա կախարդական ձևով դարձել է 6000-7000 դրամ։ Սա նշանակում է, որ այս նախարարության շենքում մեծ կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Եթե կար հնարավորություն 20 հազար դրամանոցը մեկ օրում դարձնել 7000 դրամ, ո՞ւմ գրպանն է գնացել հարկատուների գումարը, ո՞վ է յուրացրել։ Թող պատասխանատվության ենթարկեն»։

Քաղաքացիները նշում են, որ իրենք են պատասխանատու իրենց կյանքի ու առողջության համար, պատվաստումները պետք է լինել յուրաքանչյուրի գիտակցված որոշումը և ոչ պարտադրանք։ Մտավախություն ունեն, որ ՀՀ-ում այժմ՝ երբ չի գործում օրենքը, գործազրկության ցուցանիշն անհանգստացնող է ու վստահ են, որ հոկտեմբերի մեկից ցուցանիշը կարող է աճել։

«Մեր պահանջներից մեկն էլ այն է, որ մարդկանց չստիպեն՝ Սահմանադրությամբ մարդիկ իրենց կյանքի ու առողջության տերն են, և իրավոնք չունեն պարտադրել ու ազատել մարդկանց աշխատանքից։ ՀՀ-ում՝ գործազրկության բարձր աստիճան ունեցող պետությունում մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, սա նշանակում է, որ պետությունը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս քաղաքացիներին»,- ասաց հավաքվածներից մեկը։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ ՊՇՌ թեստը աշխատողն անում է իր հաշվին, իսկ հետազոտությունը պետք է արված լինի առավելագույնը 72 ժամվա ընթացքում։