23:18 , 20 օգոստոս, 2013
Lurer.com-ը գրում է.
Արտյոմ Նահապետյանը հետաքրքիր անձնավորություն է: Արդեն որոշակի ձեռքբերումներ ունեցել է ռուսական շոուբիզնեսում, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում երազում է Հայաստան վերադառնալու և այստեղ գործունեություն ծավալելու մասին: Թերևս այս փաստը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Արտյոմը իր կարիերան սկսել է Հայաստանում:
Արտյոմին շատերը կհիշեն «32 ատամ» ակումբից, որտեղ ստեղծագործել է որպես սցենարիստ և դերասան, հետագայում ընդգրկվել է մի շարք այլ նախագծերում: «Բազմիցս հնարավորություն եմ ունեցել բնակություն հաստատելու թե ԱՄՆ-ում, թե եվրոպական երկրներում, սակայն մշտապես փորձել եմ ապրել և գործունեություն ծավալել Հայաստանում: Մտածում էի, որ վաստակածս գումարը ինչքան էլ քիչ լինի, հայկական հողի վրա ես ինձ ավելի ամուր կզգամ: Սակայն երեխայիս ծնունդը փոխեց իմ կյանքի ընթացքը: Հասկացա, որ Հայաստանում իմ վաստակը չի բավարարում` ընտանիքիս ծախսերը հոգալու և կարիերաս զարգացնելու համար, ուստի որոշեցի մեկնել Մոսկվա»,- Lurer.com-ի հետ զրույցում անկեղծացավ «Comedy club» - ի սցենարիստը:
Մոսկվայում ամեն ինչ հեշտ չի սկսվել: Նախ հեռուստաընկերությամբ տեղեկացել է «Comedy battle» նախագծի լսումների մասին:
Նախագծի ներկայացումներից մեկի ժամանակ Սեմյոն Սլեպակովը, դիմելով Գարիկ Մարտիրոսյանին, ասել է. «Արտյոմը ինտելեկտուալ հումոր է ներկայացնում, եթե անգամ նախագծում չհաղթի, կարող է մնալ «Comedy club» - ում` որպես սցենարիստ»:
Սլեպակովի խոսքերից ոգևորված` Արտյոմը դիմում է ակումբի ղեկավարությանը, փորձաշրջան անցնում, և այժմ համագործակցում է ռուսաստանյան ամենահայտնի նախագծի հետ` գրելով սցենարներ հիմնականում Պավել Վոլյայի համար: Բացի այդ` նա այժմ «Comedy battle» նախագծի կիսաեզրափակիչում է, և հաղթելու դեպքում ռուսական շոուբիզնեսում նրա հնչեղ ներկայությունը գրեթե ապահովված է: Իսկ այն, որ այժմ նա ամենահեղինակավոր հեռուստանախագծի սցենարիստներից է և գրում է ամենասկանդալային «ռեզիդենտի» սցենարները, արդեն իսկ խոսուն փաստ է: