Վարդանն ու Վիրաբը զոհվեցին նույն օրը, նույն վայրում, երկուսն էլ զոհվեցին ավիահարվածից, երկուսն էլ 22 տարեկան էին, երկուսն էլ նույն շենքից (Video)


10:40 , 24 սեպտեմբեր, 2021
Այս անգամ ձեզ կներկայացնենք միանգամից 2 զինծառայողի պատմություն, ովքեր ողբերգական զուգադիպությամբ զոհվեցին նույն օրը՝ հոկտեմբերի 23-ին, նույն վայրում՝ Մարտունի 2-ում, երկուսն էլ զոհվեցին ավիահարվածի արդյունքում, երկուսն էլ 22 տարեկան էին, երկուսն էլ նույն շենքից։
Զաքարյան Վարդանը 2020 թվականի օգոստոսի 30-ին էր զորակոչվել բանակ։ Դ-20 հրանոթի անձակազմի վարորդն էր։ Կորոնավիրուսի կարանտինից դուրս գալուց հետո 12 օրվա զինծառայող էր նա, երբ սկսվեց պատերազմը։ Հայրը մտածում էր, որ նորակոչիկ որդուն հնարավոր է բունկերներում են պահում, չեն ներգարվում մարտական գործողությունների մեջ, այնինչ Վարդանը պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտի դաշտում։
Ի տարբերությունը Վարդանի, Վիրաբն ավելի երկար էր ծառայել բանակում, փորձառու հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար։ Ծառայակիցներն ասում էին, որ շատ հաճախ Վիրաբը չէր թողնում, որպեսզի շատ մարդ հավաքվի հրանոթի մոտ, ամեն ինչ ինքն էր անում, իր ձեռքով, որպեսզի հնարավոր հարվածի ժամանակ միայն ինքը տուժեր։
Երկուսն էլ զոհվեցին հոկտեմբերի 23-ին՝ Մարտունի-2-ի դիրքերը պաշտպանելիս։ Երկուսն էլ 22 տարեկան էին։
Սեպտեմբերի 13-ին՝ Վարդանի 23-ամյակի օրը, Ֆրունզե 8 հասցեում բացվեց հուշաքար-խաչքար՝ ի հիշատակ Վարդան Զաքարյանի և Վիրաբ Բաբայանի։ Նրանց լուսանկարներն ամեն անգամ անցորդներին հիշեցնելու են այս բակի 2 հերոս տղերքին, ովքեր հայրենի հողի պաշտպանության համար չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։