22:15 , 20 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իր ղեկավարած կառույց կողմից կատարվող աշխատանքին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործին՝ Հայկ Դեմոյանը նշում է, որ պետք է անընդհատ նոր եղանակներ գտնել, որպեսզի ճնշումը, հատկապես հոգեբանական դաշտում, ավելի մեծացվի, քանի որ ամեն մի ճանաչում, նրանց այլևս բերում է ակնհայտ ցնցումների:
- Պարոն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Թուրքիան ևս շատ ակտիվ նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ինչպես և մենք, ոչ պակաս: Ինչ-որ ֆիլմեր են նկարահանում:
- Թուրքերը առաջին տարին չէ, որ նախապատրաստվում են, նրանք պատրաստվում են ամեն ապրիլից առաջ, բայց քաջ գիտակցելով, որ 2015–ին լինելու է ավելի մեծ ծավալի ճնշում լինելու են բազմաթիվ ձեռնարկներ և նախաձեռնություններ, նրանք այսպես ասած՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել: Ո՞րն է այդ կանխարգելիչ միջոցառումների իմաստը. ավելի մեծ ֆինանսներ են տրվում տարբեր ձեռնարկների, այդ թվում՝ Ձեր հիշատակած ֆիլմերի, որոնք գեղարվեստական են, բայց իրենց գեղարվեստականության մեջ նաև քարոզչական իմաստ ունեն: Խոսուն օրինակ է «Սարիղամիշ» ֆիլմը: Կան մի քանի այլ ֆիլմեր ևս: Ասեմ նաև, որ մեզ առաջարկ է եղել, թարգմանված սցենար են ներկայացրել, որ նյութեր տրամադրենք ֆիլմ նկարահանելու համար: Նպատակը մեկն էր՝ նյութեր հավաքել մեզնից, շոշափել՝ ինչ ունենք, բայց դա մատուցվեց իբր կոտորածների մասին ֆիլմ:
- Եվ ի՞նչ էր ասում սցենարը, թուրքերի ի՞նչ ճշմարտություն:
- Շատ հակիրճ եմ ասում. թուրք որբի պատմությունն էր, որը վերջում հայ է դառնում և սպանվում է ֆաշիստների կողմից և որը, ի վերջո, շատ մեծ սիմպատիա պետք է առաջացներ այդ նույն թուրք որբի նկատմամբ, որը ճանապարհին տեսել էր կոտորածի ենթարկված հայերի, և այս սյուժեն ներկայացվում էր հընթացս, իմիջիայլոց: Լավ արված էր և նույնիսկ չէին զլացել թարգմանելու: Մենք ուղղակի չպատասխանեցինք, քանի որ ծանոթացանք, հասկացանք, որ թուրքական կողմի այս սցենարը, մեղմ ասած, ծուղակ է, և այդ սցենարի անվան տակ նրանք ցանկանում էին ստանալ թանգարանի ողջ պարունակությունը` ֆիլմեր, լուսանկարներ, փաստաթղթեր: Ասեմ, որ առաջին տարին չէ, որ գործ ունենք թրքական քարոզչության հնարքների հետ, ուստի այս տարբերակով մեզնից ինչ-որ բան կորզել չի ստացվի: Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա թուրքերն այս պահին ավելի շատ շեշտը դնում են 2015 –ին նախատեսված խոշոր քարոզչական ձեռնարկների, այդ թվում՝ տարբեր երկրների առաջին դեմքերի կամ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այսպես կոչված՝ Դարդանելի հերոսամարտի քարոզչական բեմականացման արարողությանը մասնակցություն ապահովելու վրա: Դա արվում է ամեն տարի, և սակայն 2015թ պետք է սպասել, որ այն առանձնահատուկ շուքով կանցկացվի, որին կփորձեն մասնակից դարձնել խոշոր տերությունների ղեկավարների:
Կարծում եմ՝ շքեղ մի շոու կլինի, որին, ցավոք սրտի, կարող ենք ասել, որ արդեն իրենց համաձայնությունը տվել են մի քանի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Սա, թերևս, խոսում է մի բանի մասին, որ Թուրքիան ունի կշիռ համաշխարհային քաղաքականության մեջ և դա փորձում է օգտագործել: Դա հաջողվում է զուտ այն պատճառով, որ նույն այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հեշտորեն տրվում են թուրքական ճնշումներին: Եվ թուրքերը աշխատանքները սկսվել են մի քանի տարի առաջ, որպեսզի հարյուրամյա տարելիցին հայկական կողմից ակնկալվող հուժկու ալիքը կարողանան կասեցնել: Կարծում եմ՝ հրապարակ կհանվեն նաև կեղծ գիտական աշխատություններ`վարձու հեղինակների կողմից պատրաստված: Բայց այստեղ մի հետաքրքիր նրբություն կա: Բանն այն է, որ թուրքական քարոզչությունը մի փոքր փոխել է իր ռազմավարությունը: Եթե նախկինում դա արտահայտվում էր որպես կտրականապես ժխտում և հայերի նկատմամբ մեղադրանք, ապա այժմ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացող գործընթացի և առկա գիտահետազոտական աշխատանքների ծավալի ճնշման տակ Թուրքիան այլևս հասկացել է, որ այդ քարոզչությունն ուղղակի հաջողություն չունի: Այսինքն` լիակատար ժխտման քաղաքականությունը պարտություն է բերում: Այդ գիտակցումն է, որ նրանց հանգիստ չի թողնում և բերում է նոր ջղաձգումների և փորձում են իրենց հայտնի դիվանագիտական միջոցներով նոր մարտավարություն որդեգրել: Եվ այժմ փորձում են շեշտը դնել տարբեր երկրների հետ Թուրքիայի երկկողմանի առևտրային ու տնտեսական հարաբերություններում ցուցանիշների բարձրացմանը: Ասում են, որ ապագայում փոխադարձ ներմուծումն ու արտահանումն ավելացնենք, քան խոսենք պատմության դեպքերի մասին: Ուշադրություն դարձրե՛ք, որ չեն ասում՝ «չի եղել», այլ շեշտում են այսպես ասած՝ «առաջնայինը» և «ոչ կարևորը» թեմաներով:
Եվ այս ամենն ամփոփելով, կարող եմ նշել, որ Թուրքիան, գոնե վերնախավային մակարդակով, լինեն այսօրվա չափավոր իսլամիստները, թե ազգայնականները, դեռևս պատրաստ չեն և մոտակա մի քանի տասնամյակներում էլ պատրաստ չեն լինի առերեսվելու սեփական պատմությանը և թրքական պետության կողմից իրականացված հանցագործությանը: Սա մեզ չպետք է վհատեցնի կամ հիասթափության դատապարտի: Մենք պետք է անընդհատ նոր եղանակներ կարողանանք գտնել, որպեսզի ճնշումը, հատկապես հոգեբանական դաշտում, ավելի մեծացնենք, որտեղ այլևս թրքական դիրքերը խիստ խոցելի են, քանի որ ամեն մի ճանաչում,նրանց այլևս բերում է ակնհայտ ցնցումների: Եվ եթե թուրքական կողմն այն մատուցում է որպես Թուրքիայի և թուրք ժողովրդի պատվի հարց, մենք պետք է գիտակցենք, որ սա այլևս թրքական պետության և այդ ժողովրդի անվտանգության հարցերից մեկն է դառնում. Հայոց ցեղասպանության հարցը վերածվել է մի կատալիզատորի, որն էլ ավելի է արագացնում Թուրքիայի ներսում պետության և հասարակության բևեռացման գործընթացները: Սա չի արվում միտումնավոր, ուղղակի թեման ինքնին հայտնվելով այդ փխրուն միջավայրում, ինչպիսին թրքական պետականությունն ու ազգային ինքնությունն է, որը արհեստականորեն է ձևակերպվել վաղ քեմալական շրջանում, Հայոց ցեղասպանության թեման լրացուցիչ քայքայիչ գործոնի դեր է կատարում:
-Իսկ տեղյա՞կ եք՝ թուրքերը հանդես են գալու գիտական ձեռնարկներով:
- Այս պահին տվյալներ չունենք, սակայն ակնհայտ է թուրքական կողմի հետևողական աշխատանքը Հայոց ցեղասպանության նոր սերնդի ուսումնասիրողներ պատրաստելու գործում: Մենք հետևում ենք այն ցուցանիշներին, թե նրանք ինչպես են ուշի ուշով հետևում մեր կայքին. Յուրաքանչյուր օր ունենք 300-400 այցելու, ստանդարտ՝ անկախ նրանից՝ կլինի՞ կայքում թարմացում, թե ոչ: Եվ ասեմ, որ ամենաշատ այցելուները հենց թուրքերն են: Ինչի՞ մասին է սա խոսում. Պատրաստի ռեսուրսների և ներգործող միջոցների առկայության կարևորության մասին: Եվ հաջորդ հարցը՝ ո՞րն է Հայաստանում կամ սփյուռքում այն ռեսուրսը, որը կարող է ներազդել, թուրք հասարակության վրա, որպեսզի նրանք հետաքրքրվեն: Նոր նյութերի հայտնաբերումն ու դրա հրատապ մատուցումը, Հայոց ցեղասպանության հարցը պետք է փաթեթավորվի և մատուցվի որպես թուրք ժողովրդի և Թուրքիայի պատմության բաղադրիչ: Ցավոք սրտի, շատ ուշ ենք հանգում այս պարզ գիտակցմանը: Մատուցման ձևերն ու միջոցները խիստ կարևոր են, որովհետև եթե մենք հակադարձում ենք և փորձում ենք ուժի դիրքից հանդես գալ, հակահարված ենք ստանում: Այնպես որ, պետք է փնտրել ասիմետրիկ հակազդեցության ու ներգործության այլ եղանակներ՝ թրքական հասարակության ներսը ներթափանցելու համար: Սա, անկասկած, կհանգեցնի ցանկալի արդյունքի, որը միմիայն հետևողական աշխատանքի արդյունքում է լինում: Պարզ հայտարարությունների, ճառերի արդյունքում ոչինչ չի լինում: Ես նորից եմ հարցնում՝ կա՞ նոր քարոզչական ռեսուրս: Ես լեզուների քանակը չեմ ասում, որովհետև հինգ լեզվով կայք պահելը մարդկային սուղ ռեսուրսների պայմաններում ահռելի ու ժամանակատար գործ է: Բայց մենք հասել ենք այդ հանգրվանին և այսօր ունեն այդ գործիքը, որի վրա ուշի ուշով կենտրոնացված են թուրքերը և ոչ միայն նրանք: Բացի նվիրատվությունների, դրամական աջակցությունների մասին անընդհատ թմբկահարելուց, պետք է մտածել նաև արդյունավետ գործիքներ ստեղծելու մասին, որոնք, ցավոք սրտի, այսօր չկան:
- Եվ ի՞նչ եք այդ առումով ակնկալում:
- Ես ակնկալում եմ ուժերի համադրում՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ Հայաստան-սփյուռք հարթությունում և թե՛ սփյուռքի ներսում: Այժմ մենք դեռ կարող ենք խոսել համեստ ցանկությունների մասին: Ներուժ կա, ուղղակի չկա այդ կամքը, որը պետք է ստեղծի այդ միջոցները, գործիքները: Այլ խոսքով ասած՝ կա հստակ ռազմավարության տեսլական, բայց ոչ ոք չի ուզում կենտրոնանալ դրա վրա: Սա կարևոր և կենսական մի խնդիր է, որի լուծմանը ներգրավված պետք է լինի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ