Խաղաղության դարաշրջանը փակվել է. եկել է պատերազմների ժամանակահատված`ռեսուրսների վրա ազդեցության գոտիների վերաբաշխման շրջան


09:54 , 23 սեպտեմբեր, 2021
Հարևան պետություններում ծավալվող իրադարձությունների համատեքստում հարկ է կրկին` ևս մեկ անգամ, նշել հետևյալը:
Պետությունը մեխանիզմ է, որի հիմքը անվտանգային համակարգն է: Երբ պետությունը պատերազմում պարտություն է կրում, նշանակում է մեխանիզմը կոտրվել է` մեկ այլ մեխանիզմի բախվելով: Երբ պարտությամբ հանդերձ տվյալ պետության անվտանգությունը սկսում է ապահովել մեկ այլ պետություն, նշանակում է մեխանիզմը կոտրվելուց զատ, չի կարողանում ինքն իրեն վերականգնել և դադար է առել:
Սրա միակ պատասխանատուն օրվա կառավարիչներն են և ինչքան էլ մեղադրեն նախորդներին, նրանց պատասխանատավությունը չի նվազելու, իսկ մեխանիզմը կոտրելուց հետո հերթական անգամ դրա համար պատասխանատվություն ստանձնելով, սակայն անվտանգային համակարգ չստեղծելով` նրանք զոհասեղանին են դնում ոչ միայն իրենց անպետք գլուխը, այլ նաև ամբողջ ազգինը:
Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ պատերազմներում անհատները չեն պարտվում, պատերազմներում պարտվում են մեխանիզմները` համակարգերը: Հայաստանը մնացել է առանց անվտանգային համակարգ, առանց մեխանիզմ: Անհատական ջանքերը անօգուտ են լինելու քանի դեռ մեխանիզմը չի վերականգնվել. Այլ պետության կցորդ դառնալն էլ մեզ չի փրկելու տարածաշրջանում ահագնացող վտանգներից:
Անհատական ջանքերը անօգուտ են և այդպիսին մնալու են, քանի չկա մեխանիզմ: Քանզի միայն մեխանիզմն է ունակ միակցելու անհատական ջանքերը և դարձնելու մեծ ուժ, որ կարող է դիմակայել մեկ այլ մեխանզմի (պետության) հարձակումների:
Կեղծ են խաղաղության դարաշրջան կոչվող եզրույթները. Խաղաղության դարաշրջանը փակվել է, մարդկությունը բավականին երկար է եղել դրա մեջ, եկել է պատերազմների ժամանակահատված` խաղաղության մեջ նորաստեղծ մեխանիզմների ուժի ցուցադրման շրջան, ռեսուրսների վրա ազդեցության գոտիների վերաբաշխման շրջան: Եվ սա տեղի է ունենալու նաև մեր տարածքների վրա և մենք այս ամենում ռեսուրս ենք դիտարկվում, քանզի չունենք սեփական տոկուն և կենսունակ մեխանիզմը:
Այս վիճակը միակ լուծումը ունի, ստեղծել մեխանիզմ, ստեղծել անվտանգային համակարգ: Իսկ սա անելու համար պարտադիր չէ լինել պետական որևէ կառույցի մաս, պետք է ունենալ բավարար գիտակցություն և կամք` առաջ բերելու պետության վերաստեղծման գաղափար, հավաքվել դրա շուրջ, ստեղծել մեխանիզմ և բերել այդ մեխանիզմը արդեն դե ֆակտո պետության կառավարման: Սա կարող է տևել տարիներ, սակայն սրան այլընտրանք չկա, այլընտրանքը ներկան է, որ վստահաբար տանում է չգոյության, կամ էլ թե այլ պետության մեջ ձուլվելուն, ինչը նույնական է չգոյության հետ: