20:19 , 20 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Զրույց Լուբյանկայի հրապարակում
Պուտինի շուրջ ստեղծվել է հայրենասիրության, ավանդապաշտության եւ պրագմատիզմի քարոզչական ահռելի համալիր լիովին ժամանակակից փաթեթավորմամբ: Անկասկած, Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը համակրում ու աջակցում է Պուտինին եւ բնականաբար նրա թիմին, որն, ի դեպ, բավական անդեմ է եւ ունի արագ ռոտացիայի ենթարկվելու հատկություն:
Ռուսաստանում կարծես թե ամեն ինչ կարգին է իշխանության հետ, սակայն բոլորը շատ լավ հասկանում են, թե որքան խոցելի ու անկայուն է իշխանական թիմը եւ որքան շատ է կոմպրոմատը: Ըստ էության, Ռուսաստանի ներկայիս կառավարող թիմն իրենից ներկայացնում է կոմերցիոն ընկերություն, որը ստիպված է զբաղվել քաղաքականությամբ, երկու նպատակով՝ ապահովել ինքզինքը եւ որքան հնարավոր է շատ եկամուտ սեփական եւ գործընկեր ընկերությունների համար:
Պուտինի ընկերության իրական մրցակիցը «ձախ նախագծի» զուգահեռ կոմերցիոն ընկերություններն են, Ռուսաստանի դեպքում՝ կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաեւ ոմն լիբերալ ընկերություն, որը չի թաքցնում, որ ներկայացնում է բիզնեսմենների որոշակի շրջանակ:
Մոսկվայում բոլոր ակտուալ քաղաքական գործիչները հասկանում են, որ ռուսական արտահանման ավանդական ոլորտները՝ նավթ, գազ, ոսկի, ալյումին, մետալուրգիա եւ ռազմարդյունաբերություն, կորցնում են սպառման շուկաները, եւ նոր կլաստերի որոնման կոնկրետ խնդիր է դրված, որը կապահովեր գերշահույթ: Ընդ որում, խնդիրն արդեն Պուտինի եւ Ընկերության շահույթը չէ, այլ հաջորդ տարի եւ հետագա տարիներին բյուջեն լցնելու խնդիրը:
2013 թվականը, չնայած հույսերին, բնութագրվում է ռեցեսիայով, եւ հասկանալի չէ, թե ինչպիսին կլինեն հետագա տարիները: Տեղի է ունենում տնտեսական գլոբալ հարձակում Ռուսաստանի դեմ, երբ չունենալով նավթի արդյունահանման եւ տեղափոխման պահուստային հզորություններ, Ռուսաստանը չի կարող դիտարկվել որպես համաշխարհային շուկաների ռազմավարական մատակարար:
Եթե նախկինում ռուսական գազից Եվրոպայի կախվածության նախաձեռնողը գլխավորապես ԱՄՆ-ն էր, ապա ներկայում Եվրամիությունը եւ եվրոպական առաջատար պետությունները փորձում են նվազեցնել այդ կախվածությունը: Ռուսաստանը վստահ չէ Չինաստանի ու Հեռավոր Արեւելքի ուղղությամբ նավթի ու գազի հոսքը վերակողմնորոշելու նպատակահարմարության մեջ, զգուշանալով Եվրոպայի վրա ազդեցությունը կորցնելուց եւ մոնոպոլ սպառողից կախման մեջ ընկնելուց:
Եվրոպական տնտեսության խնդիրներն, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն են գործել Ռուսաստանի էներգահումքային համալիրի վրա: Ըստ ամենայնի, տեղի կունենա ռազմական ծախսերի հարաբերական կամ բացարձակ կրճատում, ինչպես նաեւ սոցիալական ծրագրերի: Հնարավոր է, կկրճատվեն նաեւ ենթակառուցվածքային նախագծերը: Տվյալ պայմաններում, կարող են խնդիրներ առաջանալ դոտացիոն, «էթնիկ» տարածաշրջաններում, նախեւառաջ Հյուսիսային Կովկասում: Կան տեղեկություններ, որ Մոսկվայում կասկածներ են առաջանում Եվրասիական միության նախագիծը ծավալելու նպատակահարմարության կապակցությամբ, որը պահանջում է լրացուցիչ ծախսեր:
Այս իրավիճակը կարող է հանգեցնել ինքնամեկուսացման «վեկտորի» ուժեղացմանը եւ ներքին խնդիրների վրա կենտրոնանալուն, ինչը պայմանավորում է հռչակված արտաքին քաղաքական դոկտրինի «փակումը»: Կան նշաններ, որ Ռուսաստանը փորձում է համատեղել արտաքին քաղաքական եւ տնտեսական խնդիրները եւ համատեղ լուծումների մշակումը, սակայն հենց այդ ուղղությամբ Մոսկվային, որպես կանոն, սպասում են անհաջողություններ եւ տապալումներ արտաքին քաղաքականությունում եւ արտաքին տնտեսական նախագծերում:
Այս տեսակետից, դասական օրինակ են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները: Անկարայում եւ Բաքվում շատ լավ հասկանում են Ռուսաստանի ներկայիս իրավիճակը, նրա ուժգնացող միջազգային մեկուսացումը, մոսկովյան էլիտայի կողմից փողի շարունակական որոնումները, եւ չեն շտապում պայմանավորվել սկզբունքային զիջումների կապակցությամբ:
Ամեն ինչ դեռ առջեւում է, եւ փորձ է արվում Ռուսաստանին սեղմել վերջնականապես եւ նրանից ստանալ գլխավոր պարգեւը ԱՄՆ կողմից աճող կասկածի համար: Այս կապակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում Իսրայելի եւ հրեական շրջանակների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները «դասավորելու» փորձը, այդ թվում հիմնական հարցերի՝ էներգակիրների ու զենքի մատակարարումների վերաբերյալ: Իսրայելը, որը բարդ հարաբերությունների մեջ է հայտնվել ԱՄՆ եւ Եվրամիության հետ, խաղադրույք է անում Ռուսաստանի ու Թուրքիայի վրա եւ փորձում է կարեւոր դեր խաղալ նրանց հարաբերությունների սերտացման հարցում:
Այդ նպատակներին ամենաշատը համապատասխանում է ներկայիս վարչապետ Մեդվեդեւը՝ ադրբեջանական լոբբիզմի ղեկավարը Մոսկվայում եւ ոչ միայն Մոսկվայում, քանի որ Ռուսաստանն ու Իսրայելը գործնականում համատեղ զինում են Ադրբեջանին:
Սակայն ո՞ւմ է ձեռնտու Ռուսաստանի տնտեսության փլուզումը: Բոլորին, այդ թվում Ռուսաստանի բիզնես շրջանակներին, որտեղ ձեւավորվել է ավանդույթ՝ երբ ձեռնարկատիրական դասը կորցնում է գերշահույթը, գալիս է տնտեսության մեջ մեծ ցնցումների ժամանակը, այսինքն՝ փլուզումը: Ընդ որում, կարեւոր չէ՝ ինչ ձեւով: Եթե Ռուսաստանում տեղի ունենա դեֆոլտ կամ բանկային համակարգի փլուզում, դժվար թե ներկայիս թիմը կարողանա դիմակայել հանրության ճնշմանը: Բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը տարօրինակ հատկություններ ունի՝ Մոսկվայում կարող են ձեռնարկել գլամուրային շքերթներ եւ մարզական ցուցադրական մրցումներ, իսկ երկիրը կարող է մեկ օրում փլուզվել: Դա արդեն եղել է, եւ ոչ մեկ անգամ:
Մինչ այդ, ո՞վ է ներկայիս իշխող թիմի այլընտրանքը: Լիովին հասկանալի է, որ իշխանության կանցնեն կոմունիստական սպեկտրի վառ գույները, եւ մի քանի տարիներ, եւ գուցե առավել երկար ժամանակաշրջան Ռուսաստանին սպասում է տոտալ կամահաճություն, նախեւառաջ կապված «Ռուսաստանի դասավորության» հետ, ԳԿՉՊ-ի ոգով: Եթե որեւէ մեկը կարծում է, թե ԳԿՉՊ-ի գաղափարը մոռացվել է, ոչ թե պարզապես սխալվում է, այլ պարզապես ծանոթ չէ Ռուսաստանի իրավիճակին եւ տրամադրություններին:
Ներկայում ԳԿՉՊ-ից Ռուսաստանը հետ են պահում Պուտինի եւ Ընկերության ֆինանսական շահերը, որի համար տղերքը պահելու են իշխանությունը մինչեւ արյան վերջին կաթիլը: Եթե ենթադրենք, որ իշխանության են անցնելու Գայդարի եւ նրա ընկերության ձեռնասունները, ապա բանը կհասնի երկրի լիակատար փլուզմանը, եւ առաջնահերթ կդառնան հարեւան երկրներում ու տարածաշրջաններում նավթի ու գազի խնդիրները:
Ամեն դեպքում, Հայաստանի համար Կրեմլում ավելի լավ է ունենալ «Աթաթյուրքի», քան «Թալեաթ փաշայի»: Այս էֆեսբեական ընկերության հետ քիչ թե շատ սովորել ենք շփվել, եւ հասկանում ենք նրա ուժեղ ու թույլ կողմերը, շահերն ու նպատակները, տապալումների մասշտաբներն ու հետեւանքները:
Բացի այդ, առկա է իդենտիկություն պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ ոճերի ու առաջնահերթությունների մասով: Այսինքն, Պուտինը եւ Ընկերությունը ներկայում ամենալավն է, ինչ կարելի է սպասել Ռուսաստանից: