Ես երթևեկում եմ Գորիս-Կապան ավոտճանապարհով, նորմալ է. Արտակ Դավթյան


13:56 , 21 սեպտեմբեր, 2021

168.am-ը գրում է.

«Առաջինը ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր պետության անկախության 30-ամյակի կապակցությամբ և պատկերացնելով՝ ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը՝ Սպիտակի երկրաշարժից հետո, Արցախյան պատերազմները, վերջին մեր պատերազմը, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր պետությունը դուրս կգա այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Լրագրողի հարցին, թե որոնք են պաշտոնյայի նշած երազած երկիրն ունենալու նախադրյալները, երբ ընդհանուր տրամադրությունն այդպիսին չէ, ԳՇ պետը կարճ պատասխան տվեց. «մեր ազգի կարողությունը, ընդհանուր տրամադրությունը  պետք է հաղթահարենք և գնանք առաջ՝ աշխատելով»: Մեկ այլ հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար անվտանգ չէ, Արտակ Դավթյանն արձագանքեց.

«ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ընդունեք ի գիտություն»:

Մյուս հարցին, թե այդ ճանապարհը մե՞զ է պատկանում, ԳՇ պետը պատասխանը կրկին ուղղեց ԱԱԾ դաշտ:

«ԱԱԾ-ն հանդես է եկել այդ առնչությամբ հայտարարությամբ՝ ճանապարհի առումով: Գլխավոր շտաբը մեկնաբանություն չունի»,- ասաց Արտակ Դավթյանը:

Լրագրողի մյուս հարցին, թե հասարակ քաղաքացիներն են այդ ճանապարհով երթևեկում, պաշտոնյաներն այդ ճանապարհով չեն երթևեկում, ինչպե՞ս պիտի իրականացվի անվտանգությունը, Դավթյանը պատասխանեց.

«Ես երթևեկում եմ այդ ճանապարհով»:

Ապա լրագրողի ճշտող հարցին, թե՝ անվտա՞նգ էր այն, ասաց՝ «Նորմալ, նորմալ անցել է: Եթե գնացել-եկել եմ, ուրեմն…»:

Անվտանգային հարցերի այլ հասցեատերերին  ուղղորդելու քայլերը Արտակ Դավթյանը մեկնաբանեց երկրի անվտանգային հարցերի՝ տարբեր գերատեսչությունների լիազորությունների շրջանակում լինելով: Հարցին, թե ի՞նչ է անում ԳՇ-ն, ասաց՝ «անվտանգությունն ենք ապահովում»:

Երբ լրագրողները Արտակ Դավթյանին հիշեցրին ՊՆ Արշակ Կարապետյանի հայտարարությունը, թե ՀՀ սահմաններից ներս մտնողները կստանան համապատասխան արձագանք ու դուրս կշպրտվեն, Դավթյանը հորդորեց հետևել պաշտոնական հայտարարություններին՝ մեկ անգամ ևս շեշտելով, թե այլ մեկնաբանություն չունի: