17:42 , 20 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած արտագաղթը մտահոգության տեղիք է տալիս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արցախցի ռազմական և քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը նշեց, որ չնայած երկրում աշխատատեղերի բացակայությանը` երկիրը լքողները քիչ են եղել:
«Արտագաղթի պատճառները շատ են: Դրանցից մեկը վատ բերքն է վերջին երկու տարիներին. չէ՞ որ մեր տնտեսության ողնաշարը ցորենն ու գարին են՝ գյուղատնտեսության մեջ: Սա է ամենակարևոր պատճառներից մեկը»,- ասաց նա:
Բադասյանի խոսքով` կան նաև այլ պատճառներ: ԼՂՀ կառավարությունը տարիներ առաջ անասնապահության զարգացումը խթանող ծրագիր էր ներդրել, որի համար ժողովրդին վարկեր բաժանեցին: Բադասյանի գնահատմամբ` սա ողջունելի քայլ էր, որը, սակայն, նպատակին չծառայեց. ժողովուրդը վարկեր վերցրեց, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, հավեր գնեց, որից հետո մսի գինն արհեստականորեն իջեցվեց: Ժողովուրդը նախատեսել էր իրացնել մսամթերքը, մինչդեռ, հակառակ համատարած թանկացումներին, մսի գինն իջավ մի քանի տոկոսով: «Այս գինը համաշխարհային շուկայի պայմաններին համահունչ չէ, սա արհեստական իջեցում էր, ես դրա բազում ապացույցներ կարող եմ բերել»,- ասաց նա:
Իբրև արտագաղթի պատճառ Բադասյանը նշեց նաև խաղողի մթերումը: Խաղողի մթերումն այստեղ մենաշնորհային է, այն ընդունվում է այնպիսի գնով, որ գյուղացին հազիվ կարողանա իր ծախսերը փակել, մինչդեռ բավական է 10-20 դրամով ավել մթերեն, որ դրանով զբաղվողները չթողնեն-հեռանան: Դա մթերողի վրա մեծ ազդեցություն չի թողնի, քանի որ նրանք գերշահույթ են ստանում, գինին կարողանում են արտաքին շուկայում իրացնել:
«Միայն դրանք չեն պատճառները. այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել` ինչու են մարդիկ հեռանում: Դրանց թվում են նաև անտառանյութերը, քարհանքերը, քարածխի հանքը»,- ասաց Բադասյանը: Նա հույս հայտնեց, որ իշխանություններն ավելի զգոն կլինեն` սկսված արտագաղթի առաջն առնելով: