«ԱԱԾ պետը տեղյա՞կ է, որ իր համակարգի բարձրաստիճան սպաներ սպառնացել են ինձ՝ իմ երեխայով». Գևորգ Էմին-Տերյան


22:49 , 18 սեպտեմբեր, 2021

168.am-ը գրում է․

«Ես արձակուրդից աշխատանքի եմ վերադարձել օգոստոսի 26-ին, և օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ իմ ազատման հրամանի օրը, գրել եմ օրական, երևի, 3-4 բացատրություն՝ տարբեր առիթներով: Ես մոտ 30 բացատրություն եմ գրել, և դրանցից 3-ի հիման վրա ստացել եմ նկատողություն, և այդ հիմքով ազատվել եմ աշխատանքից: Այդ նկատողությունները ծիծաղելի են. դրանց ժամանակագրությունը, պարբերականությունը ռեկտորի ժ/պ-ն ընտրել է այնպես, որ ես չհասցնեմ դատարանում վիճարկել: Ստացել եմ ամսի 7-ին, 9-ին և 15-ին»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ մամուլի նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Նա նշեց, որ ԱԱԾ բարձրաստիճան սպաներ իրեն սպառնացել են. «Եղել են մի քանի հանդիպումներ, բարձրաստիճան սպաներ այնպիսի բաներ են ասել, որոնք անգամ պատկերացնելի չեն Հյուսիսային Կորեայում, այսինքն՝ սպառնացել են երեխաներով: Ինձ շատ հետաքրքիր է, թե արդյո՞ք ԱԱԾ պետը տեղյակ է սրանից, որ իր համակարգի բարձրաստիճան սպաներ հանդիպում են համալսարանականների հետ՝ աննախադեպ մեթոդներով: Նման սպառնալիքներ նույնիսկ 30-ականներին չեն հնչել, որ մարդուն վախեցնեն իր աղջկանով. այդպիսի բան ես երբեք ոչ մի գրքում չեմ կարդացել, որ ինչ-որ մի գաղտնի ծառայություն նման ձևով մոտենա: Երկրորդ՝ դա արել են պետության անունից, ասել են՝ ինչ Հովիկ, ինչ բան, սա պետության խնդիրն է, և ինձ հետաքրքիր է, թե արդյո՞ք ԱԱԾ պետը տեղյակ է սրանից, թե արդյո՞ք պետությունը այդպես է պատկերացնում իր գործունեությունը, արդյո՞ք ԱԱԾ ֆունկցիաների մեջ մտնում է համալսարանականներին վախեցնելը»:

Հարցին՝ իրեն սպառնում կամ վախեցնում են, որ ի՞նչ չանի, նա պատասխանեց. «Որ Հովհաննես Հովհաննիսյանի դեմ որևէ գործողություն չլինի, համակերպվենք իր գոյության հետ, համարենք, որ նա Աստծո կողմից ուղարկված մարդ է»:

Հետաքրքրվեցինք՝ բացի իրենից, է՞լ ովքեր են ազատվել աշխատանքից:

«Դեռևս ոչ ոք չի ազատվել, բայց էլի մարդիկ են նկատողություններ ստացել, և այս շարքը լինելու է: Պարզ է, որ առաջին հերթին ամենաբարձր ձայն ունեցողներին է հեռացնելու: Նա լրատվամիջոցներից մեկին ասել է, թե գոհ չէ իմ աշխատանքից, ինչը շատ ծիծաղելի է, որովհետև երբ ինքը փոխնախարար էր, ԿԳՄՍ-ն շաբաթը մեկ կազմակերպում էր սեմինարներ, ես էլ մյուս մամուլի քարտուղարներին պատմում էի, թե ինչպես է պետք կազմակերպել աշխատանքը: Բոլորի աչքի առաջ է եղել, թե ինչպես եմ ես ձևավորել այդ վարչությունը և ինչ ծանր պայմաններից ենք դուրս եկել ու ինչպես ենք կարողացել ճիշտ կազմակերպել աշխատանքը: Ամեն դեպքում, սա միայն իմ խնդիրը չէ, սա ԵՊՀ խնդիրն է: Ես իմ իրավունքները մինչև վերջ պաշտպանելու եմ, բայց ինձ համար համալսարանը շատ ավելի կարևոր է, քան իմ իրավունքները: Ես սա, միևնույն է, անում եմ ԵՊՀ-ի համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում