ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են արդեն 4 փաստաբաններ


16:56 , 20 օգոստոս, 2013

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար  առաջադրվել է  ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:  Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  Հայաստանի Հանրապետության  փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:  

Ավելի վաղ առաջադրվել էին ևս    երեք փաստաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ  Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը:  Փաստաբաններից երեքն ինքնառաջադրվել են, իսկ Արա Զոհրաբյանի թեկնածությունը առաջադրել է ՀՀ փաստաբանների պալատի գործող նախագահ Ռուբեն Սահակյանը: 

Պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվել    է    2013թ. օգոստոսի 17-ից    և   կավարտվի 2013թ. օգոստոսի 22-ին: Գրանցված թեկնածուները քարոզչությունը կարող են սկսել  2013թ. օգոստոսի 23-ից, որը կավարտվի 2013թ. սեպտեմբերի 13-ին ժամը 18.00-ին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագաh   Ռուբեն Սահակյանի որոշմամբ,  2013թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 09:00-ից  կհրավիրվի Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով` Պալատի նախագահի ընտրության համար. քվեարկությունը կսկսվի 2013 թվականի սեպտեմբերի 14-ին` ժամը 09.00-ին և կավարտվի նույն օրը` ժամը 17.00-ին:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատը ստեղծվել է  մինչ այդ Հայաստանում գործող փաստաբանական երեք միությունների հիմքի վրա և 2005թ. գրանցվել իրավաբանական անձանց ռեգիստրում: Այդ ժամանակվանից ի վեր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնում է  փաստաբան Ռուբեն Սահակյանը, ով ընտրվել էր, ապա  4 տարի անց նաև վերընտրվել այդ պաշտոնում: