Չարենցավանում 31-ամյա պարեկը «Toyota»-ով բախվել է «ԶԻԼ»-ին, վարորդը տեղում մահացել է


10:59 , 17 սեպտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Սեպտեմբերի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։40-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Սևանի բնակիչը՝ 31-ամյա Սևակ Հայրումյանի վարած «Toyota Alphard» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 38-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Ս. Հայրումյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Սևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Ըստ աղբյուրի՝ մահացած Ս. Հայրումյանը ծառայում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտում՝ որպես պարեկ։ Նույն վաշտում է աշխատում նաև վիրավոր Ն. Մաթևոսյանը։ 

Ըստ նախնական տեղեկության՝ «ԶԻԼ»-ը դեպի Երևան ընթանալիս է եղել թույլատրելի հատվածով, երբ «Toyota»-ն բախվել է «ԶԻԼ»-ի հետնամասին, այնուհետև առաջ ընթանալով, անցել է «ԶԻԼ»-ի առջևից և բախվել երկաթե արգելապատնեշին։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։