Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ «Գռզո»-ի


14:56 , 16 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ «Գռզո» մականունով հայտնի գործարար, «ՔՊ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։ 

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։ Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանից բացի որպես պատասխանող կողմ է նաև ՀՀ-ն՝ ի դեմս ԱԺ աշխատակազմի։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 6-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին, սեպտեմբերի 15-ին դատարանը որոշում է կայացրել՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։

Այս պահին դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ դատական նիստի նշանակման մասին։