14:56 , 20 օգոստոս, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Մոսկվայում ավարտված թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության կանանց 4x400 մետր փոխանցումավազքում հաղթած Ռուսաստանի հավաքականի մարզուհիները հերքում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մեղադրանքները՝ դրանք համարելով ցնորք: Նման մեղադրանքների նրանք արժանացան առաջնության պարգևատրման արարողության ժամանակ կրքոտ համբյուր փոխանակելուց հետո: Քսենիա Ռիժովան հայտարարել է, որ նման արարքով սեռական փոքրամասնություններին աջակցելու նպատակ չեն հետապնդել, իսկ ցանկացած մեղադրանք խիստ վիրավորական է իրենց համար: Այնուհանդերձ, լուսանկարչի բռնած կադրը երկիմաստ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ռիժովայի և Յուլիա Գուշչինայի համբյուրի պահը արդեն հեղեղել է համացանցը: Արձագանքը պայմանավորված է թերևս նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանում օրենքով արգելվել է ոչ ավանդական սեռական կապերի քարոզչությունը: «Հաղթանակի համար շնորհավորելու փոխարեն լրագրողները որոշել են վիրավորել մեզ: Բոլորս էլ ամուսնացած ենք, երեխաներ ունենք, ու ձեր պնդումները պարզապես ցնորք են: Ինչ վերաբերում է լուսանկարին, ապա դա ակնթարթային և ոչ գիտակցված համբյուր էր: Պարզապես 8 տարի միասին մարզվելուց հետո վերջապես աշխարհի չեմպիոն դարձանք: Ավելի քան երջանիկ էինք և անզոր զսպելու մեզ համակած հույզերը: Այո, մի պահ գուցե հպվել ենք շուրթերով, բայց պետք չէ դրանից հիմար հետևություններ անել»,- նշել է Ռիժովան: