14:36 , 20 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ճարտարապետ Լևոն Իգիթյանը օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՀՀ նախագահի՝ ս.թ. հուլիսի 22-ի հրամանագրով կառավարությանն առընթեր ստեղծված Ճարտարապետության պետական կոմիտեի մասին, նշեց, որ ցանկացած բան սկսվում է զրոյից: Նրա խոսքով՝ մեր երկրում պետականության հիմնման պատասխանատուները չգիտեին՝ ինչ են ուզում: «Քանդելը հեշտ է, կառուցելն է դժվար: Երկրում տեղի ունեցող շինարարությունները կարգավորվելու են հենց այդ կառույցի միջոցով»,- ասաց Իգիթյանը՝ խորհուրդ տալով ամենուր անձնավորում չփնտրել:
Բնապահպան Կարինե Դանիելյանն ավելորդ համարեց կառույցի ստեղծումը՝ նշելով, որ գոյություն ունի քաղաքաշինության նախարարություն, որի գործառույթների մեջ կարծես թե մտնում է նաև նորաստեղծ կառույցի առաքելությունը:
Հակադարձելով Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դիտարկմանը, թե՝ ամեն գինեկոլոգ խոսում է ճարտարապետությունից, Դանիելյանը նկատեց, որ քաղաքաշինական խնդիրները վերաբերում են քաղաքի բոլոր բնակիչներին, բացի դրանից՝ անմիջականորեն կապ ունեն թե՛ սեյսմիկայի, թե՛ բնապահպանության, թե՛ առողջության հետ:
Կ.Դանիելյանի համոզմամբ՝ կառույցի ստեղծման միակ պատճառը և նպատակը կոնկրետ անձի գործոնն էր: Նա մտավախություն հայտնեց, որ Երևանում տեղ գտած ճարտարապետությունը կտարածվի նաև մյուս մարզերում:
Ճարտարագետ Կարինե Խորասանյանը ևս համոզված է՝ կառույցի ստեղծման անհրաժեշտությունն ամենևին չկար:
Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն ստեղծվել է ՀՀ նախագահի հուլիսի 22-ի հրամանագրով: Վարչապետի որոշմամբ, կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: