Հոկտեմբերի 8-ին Էդգարը վերջին անգամ խոսեց հոր հետ, դրանից հետո նրանից լուր չկար. հայրը անընդհատ կրկնում էր` մենակ թե գերի չլինի...


19:46 , 13 սեպտեմբեր, 2021
Լուսանկարում հայր ու որդի են։ Հայրը՝ Ռևա Դոլուխանյանը, Արցախյան առաջին գոյամարտի մասնակից է։ Պատերազմի ժամանակ վիրավորվել, դարձել է 3-րդ կարգի հաշմանդամ, բայց դա չի խանգարել որդուն դաստիարակել է Մոնթեի ոգով։
Որդին՝ Էդգար Դոլուխանյանը, 44-օրյա պատերազմի հերոս է։ Երկուսն էլ ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից են։ Էդգարը տան միակ տղան էր` 2 քույրերի միակ եղբայրը։
Պատերազմի առաջին օրը, երբ հայրը խոսեց Էդգարի հետ, ասաց.
-Մինչև վերջ կկռվես, տղես, ես միշտ հպարտացել եմ քեզնով, նենց կանես, որ գլուխս բարձր քայլեմ գյուղում։
Սեպտեմբերի 30-ին Էդգարը խոցեց առաջին տանկը։ Հոր ուրախությանն ու հպարտությանը չափ չկար։ Կնոջն ասել էր.
-Էնքան եմ ուզում տղես մի սխրանք գործի, հերոս դառնա։
Ինչին ի պատասխան կինը ասել է.
-Ինձ հերոս պետք չի, Աստված եմ կանչում որդիս ողջ -առողջ տուն վերադառնա։
Մինչև հոկտեմբերի 9-ը Էդգարը խոցեց ևս 2 տանկ։ Նա ծառայում էր Հադրութում, հակատանկային բրիգադի ավագ օպերատոր էր, ավագ սերժանտ։
Հոկտեմբերի 8-ին Էդգարը վերջին անգամ խոսեց հոր հետ։
Հաջորդ երկու օրերին նրանից լուր չկար։ Հայրը անընդհատ կրկնում էր` մենակ թե գերի չլինի...
Էդգարը զոհվել էր հոկտեմբերի 9-ին, Կարախանբեյլիի համար մղվող մարտերում։ 3 ամիս անց նա պետք է զորացրվեր...
Հոկտեմբերի 11-ին Էդգարին հողին հանձնեցին հայրենի Խնուշինակ գյուղում։
Հոր երազանքն էր Մոնթե անունով թոռ ունենալ և որդուն տեսնել որպես կայացած ու խելացի իրավաբան։ Բայց ավաղ...
Այսօր Ռևայի ծնունդն է։ Նա դարձավ 50 տարեկան։ Եվ առաջին անգամ իր ծննդյան տոնը նշեց առանց որդու ֆիզիկական ներկայության։
Խախտվել է կարգն աշխարհի...
Էդգարը 20 տարեկան էր։