Հայաստանի Զինված ուժերը համալրած նոր զենքը գերժամանակակից է


13:49 , 20 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի զինված ուժերը համալրած համազարկային կրակի հրթիռային նոր համալիրները գերժամանակակից են, ունեն նպատակային կիրառում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ նշելով, որ զենքը նորություն չէ, այն նաև խորհրդային ժամանակ է կիրառվել, արտադրվել է Ռուսաստանում, ապա՝ Չինաստանում: «Մենք Չինաստանից զենքը ստացել ենք, հակառակորդն այդ մասին քաջատեղյակ է։ Դա խիստ ժամանակակից զենք է, այդ մասին հակառակորդը ևս գիտի»,- ասաց նա` նկատելով, որ նման դեպքերում, ինչպես բազմիցս է եղել, հակառակորդն աղմուկ է բարձրացնում, իսկ մենք համալրում ենք մեր Զինված ուժերը: 

Գեներալ-մայորն ասաց, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը նույն խնդրին են բախվում. գերբեռնված են զենքերով. այդ մասին անգամ բարձր մակարդակով է նշվել: Մեջբերելով «եթե զենքը կախված է, այն մի օր անպայման պիտի կրակի» հայտնի խոսքը՝ Կոմանդոսը նշեց, որ այդ օրը, միևնույն է, գալու է։ Այդ իսկ պատճառով սպառազինության մրցավազքը երկու կողմն էլ շարունակում է. «Այդ մրցավազքն օգուտ չի բերում ոչ մի կողմին, այդուհանդերձ զենքը հզոր է, լավը, գերժամանակակից, որն անցել է մի քանի էտապ և հասել այսօրվա` կատարելագործված տեսքին»։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի: Ռադիոկայանի աղբյուրները, սակայն, չեն նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական Смерч նմանատիպ համալիրների արդիականացված տարբերակը, սակայն ավելի հեռահար են, քան Смерч-ները, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները: 

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է AR1A նոր համալիրների ձեռք բերման մասին տեղեկությունը: 

«ՀՀ Զինված ուժերը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը: Այդ ձեռքբերումների մասին հանրությունն իրազեկվում է պարբերաբար: Մենք ունենք համալրման և ձեռքբերումների մեր հստակ պլանները և հետևում ենք դրանց»,- ասել է Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ նոր սպառազինությունների ձեռք բերման գործում Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտը դնելու է հեռահար և ճշգրիտ համակարգերի վրա: