168.am-ը գրում է․
ՌԴ ԱԳՆ-ում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որի արդյունքներով նրանք հանդես են գալիս մամուլի ասուլիսով:
Իր բացման խոսքում, ի թիվս մի շարք հարցերի, ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ մտքեր են փոխանակել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ ԼՂ հակամարտության տիրույթից դուրս:
«Ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Երկարաժամկետ կարգավորում հնարավոր է միայն սահմանագծման և սահմանազատման միջոցով՝ ՌԴ նախագահի նախաձեռնությունը այս հարցով շատ լավ հայտնի է: Մենք այսօր խոսեցինք այն մասին, թե ինչպես ապահովենք դրա արագ իրագործումը: Հաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- ասաց Լավրովը: