14:05 , 28 օգոստոս, 2021Armenpress.am-ը գրում է․
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամին էմիրաթցի կնոջ օրվա առթիվ հարցազրույց է տվելց «Արմենպրես»-ին։
- Տիկին ալ Սալամի, օգոստոսի 28-ն Էմիրություններում նշվում է որպես էմիրաթցի կնոջ օր, ի՞նչով է նշանավորվում կնոջ օրը։
- Այս տարի Էմիրաթցի կնոջ օրը նշվում է առանձնահատուկ համատեքստում` վերահաստատելու լուսահոգի շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի դերը, ով ԱՄԷ-ում կանանց նշանակալի ճանապարհի հիմք դրեց։ 2020 և 2021 թվականների ընթացքում ԱՄԷ-ն ձեռքբերումներ է ունեցել մի շարք ոլորտներում՝ ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, իսկ էմիրաթցի կանայք այս ձեռքբերումների առաջնագծում էին իրենց անզուգական վճռականությամբ:
- Շատ հատկանշական է տեսնել Ձեզ՝ որպես երիտասարդ էմիրաթուհի դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում։ Արդյո՞ք այս մոտեցումը բնորոշ է էմիրաթական դիվանագիտությանը։ Ի՞նչ դեր ունեն կանայք դիվանագիտության և պետական կառավարման ոլորտում։
- Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության մոտեցումն էմիրաթցի կանանց հզորացնելու հարցում հաստատում է ԱՄԷ իմաստուն ղեկավարության տեսլականը, այն է՝ աջակցել և հզորացնել էմիրաթուհիներին` որպես էմիրաթական հասարակության անբաժանելի մաս և խթանել կանանց ակտիվ դերը տղամարդկանց կողքին երկրի համապարփակ զարգացման գործընթացին նպաստելու համար։
Էմիրաթցի կանայք դիվանագիտության մեջ բարձր պաշտոններ են ստանձնել՝ արդյունավետորեն նպաստելով երկրի հարաբերությունների լայն ցանցի ձևավորմանը և բոլոր երկրների հետ տարածաշրջանային ու միջազգային գործընկերության ամրապնդմանը, կարիքավոր հասարակություններին օգնության ձեռք մեկնելուն՝ բացառիկ դեպքերում ամրապնդելով միջազգային և բազմակողմ համագործակցությունը:
Նրանք ներկայումս տարբեր դիվանագիտական պաշտոններ են զբաղեցնում Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունում և կազմում են աշխատուժի 42.5% -ը, իսկ ԱՄԷ դիվանագիտական կորպուսն այս պահին ներառում է Էմիրաթցի ինը կին դեսպան։
- Ո՞ր ոլորտներում են կանայք առավել մեծամասնություն կազմում և որքանո՞վ են կանայք ներգրավված գիտության և տեխնոլոգիայի զարգացման ոլորտներում։
- Էմիրաթցի կանայք այսօր իրենց ուրույն դերն ունեն ազգային տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տիեզերագնացությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և բժշկության տարբեր ճյուղեր։
Ըստ Էմիրությունների գիտնականների խորհրդի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ընդգրկվածության տոկոսը 54% է, մինչդեռ գիտության ոլորտում այն հասել է 81% -ի, ճարտարագիտության ոլորտում՝ 43% -ի, առողջապահության ոլորտում` 81% -ի և ինժեներական աշխատատեղերում`51% -ի:
Էմիրաթցի կանայք ակտիվություն են ցուցաբերել առաջադեմ գիտությունների, տարածության, էներգետիկայի և առողջապահության ոլորտներում՝ ցույց տալով իրենց կարողությունները: Կնոջ դերն ակնառու էր հատկապես «Հույսի զոնդ» նախագծում, որտեղ կանանց մասնակցությունը կազմում էր թիմի 34%-ը: Նրանք նաև կազմում էին հետազոտական գիտական թիմի 80%-ը՝ նպատակ ունենալով մարդկությանը տրամադրել Կարմիր մոլորակի և դրա տարբեր մթնոլորտային շերտերի կլիմայի վերաբերյալ համապարփակ տեղեկություն:
Առաջադեմ գիտությունների բնագավառում էմիրաթցի կանանց ներդրումը հատկապես շոշափելի է ԱՄԷ-ի խաղաղ միջուկային ծրագիրի շրջանակներում, որը նշանավորվեց Բարաքա ատոմակայանի առաջին էներգաբլոկի անվտանգ և հաջող գործողությունների մեկնարկով, ազգային էլեկտրացանցին նրա հաջող միացմամբ, որը նշանավորում է էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի առաջին մեգավատի հասանելիություն տներ և առևտրային շենքեր: Էմիրաթցի կանայք կազմում են ԱՄԷ Միջուկային էներգիայի կոորպորացիայի (Emirates Nuclear Energy Corporation) և նրա դուստր ձեռնարկությունների Նաուահ Էներգիայի կազմակերպության (Nawah Energy Company) և Բարաքա ալ Ուլա կազմակերպության (Barakah Al Oula Company) ընդհանուր աշխատողների գրեթե 20%-ը, ինչը միջուկային էներգետիկայի ոլորտում ամենաբարձր տոկոսներից մեկն է:
Էմիրաթցի կնոջ դերը հատկապես կարևոր էր 2020թ.-ի ընթացքում։ Նրանք COVID-19 համաճարակի բռնկումից ի վեր ազգային արձագանքման անբաժանելի մասն են եղել՝ համատեղելով ջանքերն ազգային և միջազգային մակարդակներում համաճարակի հետևանքները զսպելու համար: Նրանք ապացուցել են իրենց նշանավոր դերը պաշտպանության առաջնագծում, դեր, որն առանցքային էր հեռավար աշխատանքի համակարգի հաջողության մեջ: