97 տարեկանում կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը


14:36 , 27 օգոստոս, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խ խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։

1952-1954 թթ.-ին եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։

1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։

1961-1964 թթ.-ին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը:

1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։

1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որի տնօրենն է եղել մինչև 1972 թվականը:

1972-1975 թթ.-ին եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։

Հայաստանի կոմպոզիտորների,Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների  անդամ է:

2001 թվականից՝ աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ: