Օրենսդրական նախաձեռնության առաջարկ


00:23 , 20 օգոստոս, 2021
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը սկսեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը։ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն բանից հետո, երբ նա մերժել է հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Վրաստանին հանձնելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը։ Արման Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ նա Հանրապետության լավագույն դատավորներից մեկն է, և այս վարույթն արդարադատության նախարարը հարուցել է զուտ իր քիմքին ոչ հաճո դատական ակտ ստանալու պատճառով: Այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Բանն այն է, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի՝ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժելու մասին դատավոր Հովհաննիսյանի կայացրած որոշումը, այսինքն՝ վարույթ հարուցելու իրավասու մարմինը՝ տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարը, շահագրգիռ կողմ է հանդիսացել։ Մասնագիտական արժանապատվություն ունեցող արդարադատության նախարարը տվյալ դեպքում ոչ թե ինքը վարույթ կհարուցեր, այլ կդիմեր վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մեկ այլ մարմնի, օրինակ՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ խնդրելով, որպեսզի այդ մարմինը քննարկեր վարույթ հարուցելու հարցը: Բայց քանի որ 3 տարուց ավելի է, ինչ մասնագիտական արժանապատվություն ունեցող արդարադատության նախարար չունենք, և հայտնի չէ, թե երբ կունենանք, անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածում լրացում կատարել՝ նախատեսելով, որ այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն մարմինը, որը կարգապահական վարույթի ենթադրյալ հիմք հանդիսացող դատական գործին մասնակցել է որպես դատավարության կողմ կամ երրորդ անձ, չի կարող տվյալ դատական գործի առնչությամբ կարգապահական վարույթ հարուցել: