22:45 , 18 օգոստոս, 2021Իրանի ափամերձ ջրային հատվածներում յուրահատուկ ու գեղատեսիլ կղզի գոյություն ունի, որը կոչում են Օրմուզ։ Կղզու ռելիեֆը ներառում է ծիածանի բոլոր գույները․ այնտեղ հնարավոր է տեսնել կարմիր լեռներ, նարնջագույն բարձունքներ և դեղին լանջեր։ Բնապատկերներն այնքան գեղեցիկ են, որ թվում է, թե Մարսում եք հայտնվել։ Սակայն կղզու գեղեցկությունը դրա գլխավոր առանձնահատկությունը չէ․ տեղի բնակիչները հող են ուտում։
Օրմուզ կղզին բավականին փոքր է․ այն զբաղեցնում է ընդամենը 42 կմ տարածք։ Դրա հողն առանձնանում է հարուստ հանքային բաղադրությամբ։ Հողում հայտնաբերել են մեծ քանակությամբ քարի աղ։ Լեռնային հողի բաղադրության մեջ առկա է կավ, տարատեսակ կարբոնատներ և հրաբխային ժայթքման մնացորդներ։ Հանքանյութերի փոխազդեցությունը ջրի հետ մի շարք քիմիական ռեակցիաների է հանգեցնում՝ մոխրագույն կղզին բազմագույն հրաշքի վերածելով։

Կղզու վրա բուսականություն գրեթե չկա, քանի որ բույսերը դաժան աղի պայմաններում գոյատևել չեն կարող։ Իսկ բնակչություն կա․ Օրմուզում փոքրիկ գյուղ գոյություն ունի, որտեղ ձկնորսներ են բնակվում, որոնք ազատ ժամանակ զբաղվում են աղ արդյունահանելով։
Օրմուզը համարվում է աշխարհում միակ «ուտելի» կղզին։ Տեղի բնակիչները հավաքում են հողը և դրան ջուր ավելացնում։ Սակայն Օրմուզի ոչ ողջ հողն է ուտելու ենթակա։ Հող հավաքում են միայն մի շրջանից՝ փոքրիկ բարձունքից, և օգտագործում այն խոհանոցում։

Յուրահատուկ հողը մարդիկ ավելացնում են սոուսների, ձկան համեմունքների և անգամ մուրաբայի մեջ։ Օրմուզի ազգային ավանդական ուտեստը տոմի կոչվող հացն է, որը թխվում է կրակի վրա՝ խմորին հող ավելացնելով։