«Երկնքում բանակ է հավաքվել, մամ. այստեղ բոլորս տանն ենք ու երբեք չենք պարտվելու». Ջրականում զոհված Միքայելը օգոստոսի 5-ին կդառնար 21 տարեկան


13:28 , 8 օգոստոս, 2021
Հովսեփյան Միքայելը Երևանից էր, Բժշկական համալսարանի ուսանող, ապագա սրտաբան։ 2019-ի հունվարի 19-ին էր զորակոչվել բանակ, Ջրականում (Ջեբրայիլ) էր ծառայում, վաշտի բուժակն էր։
Սեպտեմբերի 27-ին առաջին մարտն ընդունեցին նրանք։ Ջրականի դիրքերում էին, երբ սկսվեց պատերազմը։
Հոկտեմբերի 19-ին վիրավոր ընկերներին մարտի դաշտից դուրս բերելիս դիպուկահարի կրակոցից ընկնում է Միքայելը։ Ծառայակիցները նահանջի հրաման են ստանում և Միքայելի մարմինը մնում է թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում։ 3 ամիս անց միայն՝ հունվարին, ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվում է Միքայելի ինքնությունը... հունվարի 19-ին նա պետք է զորացրվեր ու տուն գար, շարունակեր իր կրթությունն ու ապագա բժիշկ դառնար, բայց...։
Ընկերները նրա մասին նրա անունից մի ֆիլմ են նկարել, որը կտեղադրեմ մեկնաբանություններում, անպայման դիտեք։ Վերջին հատվածը մեջբերեմ, էնքան ազդեցիկ ա...
«...Ես փոքր էի, մամայի հետ երթուղային էինք նստել, պիտի մարզադպրոց գնայինք։ Մաման վարորդին ասաց՝ «կանգառում կպահեք», բայց վարորդը չգիտեմ, չլսեց, թե ինչ, կանգառից ահագին հեռու նոր կանգնեց։ Մաման ասաց՝ «տնաշեն, տարար, Երուսաղեմի դուռը հասցրեցիր»... Չգիտեմ էլ ինչի էս պատմությունն եկավ մտքիս, երևի, որովհետև Երուսաղեմի դռանն էինք հասել... բոլորով... տղերքով։ Երկնքում բանակ է հավաքվել, մամ։ Այստեղ բոլորս տանն ենք ու երբեք չենք պարտվելու ու չենք հիվանդանալու։ Դե գիտես, հայտնի բժիշկ եմ...»։
Օգոստոսի 5-ին Միքայելի ծննդյան օրն էր։ Նա կդառնար 21 տարեկան։