Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից. Հայաստանը Տոկիոյից կվերադառնա 4 մեդալով


16:04 , 6 օգոստոս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը զրկվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վազգեն Թևանյանն առաջին գոտեմարտում պարտվել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի անդամ Գաջիմուրադ Ռաշիդովին և հնարավորություն կստանար պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե Ռաշիդովը դուրս գար եզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում Ռաշիդովը պարտվեց Ճապոնիան ներկայացնող  Տակուտո Օտոգուրոյին: Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտից:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում: 

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: